Լիբանանում զոհերի թվում հայեր չկան. Շահան Քանդահարյան

25 Սեպտեմբերի 2024, 13:30

Քաղաքականություն

Պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվել է Մերձավոր Արևելքում: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

«Պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվել է Մերձավոր Արևելքում: Լիբանանի տարբեր հատվածներում «Հըզբոլլահ»-ն ունի ռազմական հենակետեր: Թիրախավորվել են ոչ միայն «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտները, այլև «Հըզբոլլահ»-ի ամենահեղինակավոր անդամները, քաղաքական պատասխանատուները:

Եվ պատերազմի ընդլայնումը, և հրետակոծության ինտենսիվ դառնալը ոճային փոփոխություն մտցրեց մինչ այս պահն իրականացվող ռազմական բախումների ընդհանուր համապատկերում: Զոհերի թիվը երեկվա տվյալներով ավելի քան 400 է, կա 1200 վիրավոր: Այնտեղ, որտեղ հարվածում են, բնականաբար, նոր տուժածներ, զոհեր կան»,- տեղեկացրել, է մեր զրուցակիցը:

Քանդահարյանը հավելել է, որ գաղթողների թիվը ավելանում է, երկիրը կոլապսի մեջ է:

«Պատճառներ կան մտածելու, որ այս գործողությունները շարունակություն կունենան՝ նկատի ունենալով Իսրայելի այն հայտարարությունը, թե այդ գործողությունները վերականգնում է արդարությունն ու խաղաղությունը: Հիմա իրենք նպատակ ունեն հարավային շրջանի ժողովրդին տեղահանելուն: Սիրիան հայտաարարել է, որ իր դռները բացում է լիբանանցի փախստականների առջև: Փախստականները տեղափոխվում են համեմատաբար ավելի հանգիստ ու ապահով վայրեր:

Շարունակվում են բախումները, հրթիռակոծությունները: Քաղաքական անորոշություն է, երկիրը նախագահ չունի, խորհրդարանին չի հաջողվում միավորվել նախագահ ընտրելու շուրջ, տնտեսական խորը ճգնաժամ է, առավել ևս կան անվտանգային լուրջ հարցեր:

Զոհերի ցուցակներում հայերի անուններ չկան, որովհետև ռազմական շրջաններում հայկական համայքներ չկան»,- եզրափակել է Շահան Քանդահարյանը: