Լիլի Չուգասզյան․ «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի հայազգի աստղը

09 Ապրիլի 2025, 23:54

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ամերիկահայ աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը ծնվել է 1921 թվականին Չիկագոյում: Ծնողները Միացյալ Նահանգներ են ներգաղթել Արևմտյան Հայաստանից։ Նա ընտանիքի երեխաներից ամենափոքրն էր:

Նրա ամբողջ ընտանիքը խոսում էր բացառապես հայերեն, իսկ Լիլին անգլերեն սովորել է միայն դպրոցում:

Լիլի Չուգասզյանը սկսել է երգել վաղ տարիքից` ելույթ ունենալով եկեղեցական երգչախմբում, իսկ արդեն դպրոցական տարիներին գումար է վաստակել ռադիոյով ելույթ ունենալով։ Դպրոցն ավարտելուց հետո Լիլին աշակերտել է հայտնի երաժիշտ Ֆիլիպ Մանուելին։ 1941 թվականին ամուսնացել է իր եղբոր ընկերոջ՝ Ջորջ Գավեջյանի հետ։ Դա շատ երջանիկ ամուսնություն էր, որը տևել է ավելի քան 46 տարի՝ մինչև Ջորջի մահը՝ 1987 թվականը:

1956 թվականին Լիլիի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, և բժիշկները կանխատեսում էին ընդամենը վեց ամսվա կյանք։ Նա մի քանի վիրահատության է ենթարկվել և հարազատների աջակցության շնորհիվ վերադարձել է բնականոն կյանքի։

Նրա երաժշտական կարիերան սկսել է 1940-ականներին Չիկագոյում: 1955թ. հանդես է եկել մենակատարի դերում Մաալերի 2-րդ սիմֆոնիայում:

Չուգասզյանի դեբյուտն օպերային բեմում տեղի է ունեցել 1959 թվականին, երբ նա արդեն 38 տարեկան էր։ Նա Արկանզասի օպերային թատրոնի բեմում հանդես է եկել «Նորմա» օպերայում Ադալգիզայի դերերգով։

1962 թվականին Լիլին իր նորամուտը նշել է «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնում։ Չուգասզյանի դերերի շարքում են ԱմներիսըՎերդիի «Աիդա»-ում, Էրդան Վագների «Հռենոսի ոսկին», և Մամա Լուչիան` Մասկանյիի «Գյուղական պատիվ» օպերաներում:

«Մետրոպոլիտեն»-ում իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Չուգասզյանը երգել է բազմաթիվ նշանավոր երգիչների հետ, ինչպիսիք են Կառլո Բերգոնցին, Ռիչարդ Կասիլին, Ֆրանկո Կորելին, Քերթին Ֆիլիսը, Մատիվիլդա Դոբսը, Ուիլյամ Դուլին, Պլասիդո Դոմինգոն, Ռերի Բարիշը, Գեյլ Ռոբինսոնը, Լեոնի Ռիզանեկը, Ջոան Սաթերլենդը և այլք։

Կատարել է նաև հայկական երգեր, իսկ 1978 թվականին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, երգել է հայերեն։ Չուգասզյանն արժանացել է նաև ՀԽՍՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվան մրցանակի»։
Երգչուհին հյուրախաղերով հանդես է եկել նաև աշխարհի լավագույն օպերային թատրոնների բեմերում։

1984 թվականին, երբ Լիլին կատարել է իր դերերգը «Մահագոնի քաղաքի վերելքն ու անկումը» օպերայում, սրտի կաթված է ստացել։ Նրա վերջին ելույթը բեմում տեղի է ունեցել 1986 թվականին։

Բեմական կյանքի ավարտից հետո երկար տարիներ դասավանդել է Յեյլի նշանավոր համալսարանում։ 2002 թվականին էլ օպերային երգչուհին արժանացել է Սթենֆորդի համալսարանի մեդալի։

Լիլի Չուգասզյանը կյանքից հեռացել է 2012 թվականին՝ Բրենֆորդ քաղաքի իր տանը, 90 տարեկանում: