Լինելով Կոռնիձորում՝ գործելու ուղերձ ենք հղում Ֆրանսիայի նախագահին. Ստրասբուրգի հայ քաղաքապետ
30 Օգոստոսի 2023, 18:24
Ֆրանսիայի 11 երկրամասերից 6-ի ներկայացուցիչները՝ Իլ դը Ֆրանսից, Օվերն-Ռոն-Ալպերից, Օ դը Ֆրանսից, Օքսիտանիայից, Ալպեր Լազուրյան ափից, Լուարի երկրից քաղաքապետեր, փոխքաղաքապետեր, սենատորներ և պատգամավորներ Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ հասել են Կոռնիձոր՝ ուղեկցելով ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմինների տրամադրած մարդասիրական օգնությունը Արցախի 120 հազար հայ բնակչությանը:
«Մեր պատվիրակությունը ներառում է տարբեր կուսակցությունների, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող գործիչների, քանի որ բոլորիս միավորում են Հայաստանն ու Արցախը: Այս տարվա ապրիլի 24-ին Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհուրդը մեզ դիմեց՝ ասելով, որ պետք է քայլեր ձեռնարկել շրջափակման մեջ գտնվող արցախահայերին ձեռք մեկնելու համար: Նրանք ասացին, որ ֆրանսիայի տեղական ինքնակառավարման իշխանությունները պետք է միավորվեն մարդասիրական օգնություն Արցախ հասցնելու համար: Մենք արագ համախմբեցինք մեր ուժերը: Եվ ահա, 10 -ը բեռնատարով, մենք այստեղ ենք»,- Գորիսում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է Փարիզի քաղաքապետը:
Մամուլի ասուլիսին տեսակապով միացել է նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որն ասել է ֆրանսիացի քաղաքական գործիչներին, որ Արցախի Հանրապետությունն այլևս որևէ ակնկալիք չունի աշխարհից, միջազգային հանրությունից։ Ադրբեջանը, հումանիտար օգնությունը Արցախի տարածք մատակարարելուն խոչընդոտելով, ակնկալում է ծնկի բերել արցախցուն, սակայն դա չի հաջողվելու։ 10 -ը հումանիտար բեռը ներառում է չփչացող սնունդ, կաթի փոշի, հոսանքի գեներատորներ, արեւային պանելներ, որոնք հնարավորություն կտան դիամակայել հովհարային անջատումներին և գոյատևել:
«Մեր ուղերձը պարզ է և հստակ՝ մենք, նախևառաջ, կոչ ենք անում Ադրբեջանին՝ հարգել միջազգային իրավունքը: Արցախահայերը շրջափակման մեջ են, ինչը միջազգային իրավունքի, ինչպես նաև և 2020 թվականի եռակողմ համաձայանգրի կետերի խախտում է: Պետք է խոսել շատ հստակ՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում՝ նման է ցեղասպանության»,- ընդգծել է Անն Իդալգոն:
Պատվիրակության կազմում է նաև Ստրասբուրգի հայազգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, որն առաջին անգամ է Հայաստանում:
«Ստրասբուրգ քաղաքի համար բնական էր, որ մենք կմիանանք այս նախաձեռնությանը: Ստրասբուրգը Եվրոպայի մայրաքաղաքն է՝ Եվրոպայի խորհուրդը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իմ ղեկավարած քաղաքում են գտնվում: Այստեղ գտնվելով՝ մենք գործելու ուղերձ ենք հղում Ֆրանսիայի նախագահին, որ ՄԱԿ-ում նախաձեռնությամբ հանդես գա, նաև ուղերձ ենք հղում եվրոպական այլ հաստատություններին, որ գործեն»,- նշել է Ժաննա Բարսեղյանը և հավելել, որ լինելով 1915 թվականի ցեղասպանությունից փրկվածների ծոռ, անընդունելի է համարում, որ մեկ դար հետո նորից ոտնահարվում են արժանապատիվ ապրելու մարդու իրավունքները: