Լիխտեյնշտայնի արքայազն Միխաելը պատրաստակամություն է հայտնել գլխավորել դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օդային օգնությունը
29 Օգոստոսի 2023, 10:15
Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը (Prince Michael) պատրաստակամություն է հայտնել գլխավորելու մարդասիրական օդային օգնությունը դեպի շրջափակված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և գտնվելու այն օդանավի մեջ, որը թռչելու է տարածաշրջան՝ հասցնելու այդքան անհրաժեշտ սնունդն ու դեղորայքը՝ կազմակերպված «Ազնավուր» հիմնադրամի կողմից։
Ըստ այս մարդասիրական առաքելության մեր գործընկերներից մեկի՝ շվեյցարական Impact Investing Solutions ընկերության՝ «Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելի հետ միասին աշխարհի այլ առաջնորդներ, պետությունների ներկա և նախկին ղեկավարներ ևս պատրաստ են կենսական անհրաժեշտության ապրանքներն օդային կամուրջով հասցնելու Լեռնային Ղարաբաղ, որտեղ 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, արդեն ութ ամսից ավելի է, ինչ զրկված է սննդից ու դեղորայքից»։
Դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օդային օգնություն կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին համաշխարհային մարդասիրական առաջնորդների կողմից, որոնց թվում էին՝ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, կլիմայի և հավասարության քարոզիչ, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ինչպես նաև շատ ու շատ իրավապաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:
Այսպիսով՝ կազմակերպվում է միջազգային մարդասիրական օդային մատակարարում, որը սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ է հասցնում տեղի բնակչությանը և դուրս բերում ծանր հիվանդներին: Վերջինների թվում են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ, որոնց
փրկության համար պահանջվում է անհետաձգելի բուժօգնություն, որը, սակայն, չի կարող պատշաճ կերպով մատուցվել շրջափակման պատճառով։
Միևնույն ժամանակ, քանի դեռ ճանապարհը շարունակում է արգելափակված մնալ, մարդասիրական օդային կամուրջը պետք է օգնի տեղի բնակչությանը՝ գոյատևելու ու դիմակայելու: Ստեփանակերտի օդանավակայանը կարող է շահագործվել այս նպատակով։ Սա որևէ լրացուցիչ ջանք չի պահանջելու միջազգային հանրությունից, բացառությամբ՝ ապահովելու օդային մատակարարումներն ու օդային կամրջի անվտանգությունը:
Պարենի համաշխարհային ծրագրին և Կարմիր խաչին կոչ է արվել առաջիկա օրերին կազմակերպել չվերթը, և Նորին Վսեմություն Լիխտենշտայնի արքայազն Միխաելը պատրաստ է գլխավորելու առաջին մարդասիրական առաքելությունը։