Լորիս Ճգնավորյան․ Իրանահայ անվանի դիրիժորն ու կոմպոզիտորը
13 Հոկտեմբերի 2024, 22:40
Հոկտեմբերի 13-ը հայ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Լորիս Ճգնավորյանի ծննդյան օրն է:
Երաժիշտը դասական երաժշտության ավելի քան 70 ստեղծագործությունների, 4 օպերաների և 6 սիմֆոնիաների հեղինակ է:
Լորիս Ճգնավորյանը ծնվել է 1937 թվականին Իրանում։ Ավարտել է Թեհրանի կոնսերվատորիայի ջութակի բաժինը, ինչպես նաև Վիեննայի երաժշտության ակադեմիան։
Ճգնավորյանը մի քանի տարի երաժշտության տեսություն է դասավանդել Թեհրանի կոնսերվատորիայում։
Մաեստրոն ղեկավարել է Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Դանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Թաիլանդի, Ֆինլանդիայի, Իսրայելի և այլ նվագախմբեր:
Ճգնավորյանի ստեղծագործությունները կատարել են համաշխարհային բազմաթիվ նվագախմբեր։ Դիրիժորը չորս տարի ղեկավարել է Minnesota State University Moorhead երաժշտական բաժինը։
1989-2000 թվականներին երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը։
Լորիս Ճգնավորյանը 45 ֆիլմերի երաժշտության հեղինակ է: Մաեստրոն բազմաթիվ մրցանակներ ունի, այդ թվում՝ «Ոսկե մեդալ» գեղարվեստական նվաճումների համար, ավստրիական «Պատվո նշան» գիտության և արվեստի համար, ինչպես նաև «Արվեստի բարձրագույն մեդալ»: