Անվանի գիտնական Վահագն Տատրյանի արխիվի էլեկտրոնային տարբերակը շուտով հասանելի կլինի համացանցում

08 Մարտի 2024, 14:38

Կրթություն

Լոս Անջելեսի «Արարատ-Էսքիճեան» հետազոտական — թանգարան և Հայոց ցեղասպանության հետազոտական կենտրոնները միասին նախաձեռնել են թվայնացնել պրոֆեսոր Վահագն Տատրյանի արխիվը:

Պրոֆ. Վահագն Տատրյանը (1926-2019) Հայոց ցեղասպանության աշխարհահռչակ ուսումնասիրող գիտնական էր, որ մեծապես նպաստել է ցեղասպանության պատմական իրողության գիտական համապարփակ ներկայացմանը՝ իր անգնահատելի ու կարևոր նշանակությունն ունենալով այդ փաստի միջազգային ճանաչման և դատապարտման գործում։
Նա իր երկարամյա գործունեության ընթացքում հավաքել էր շատ հարուստ արխիվային նյութեր: Նրա արխիվները ներառում են բազմահազար էջեր ամերիկյան, բրիտանական, գերմանական, ֆրանսիական, հայկական և օսմանյան արխիվներից, ինչպես նաև բազմալեզու անտիպ նյութեր և մամուլի հրապարակումներ: Մահից առաջ պրոֆեսորն իր արխիվը փոխանցել է «Արարատ-Էսքիճեան» թանգարանին, իսկ նրա գրքերի ամբողջական հավաքածուն գտնվում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Էդուարդ Տոհըն Կրտսերի անվան գրադարանում:

2009 թվականին Տատրյանի արխիվը Բոստոնից փոխադրվելուց հետո, «Արարատ-Էսքիճեան» թանգարանը նախաձեռնեց դրանք թվայնացնելու աշխատանքները` մասնագետներին հասանելի դարձնելու համար: Արխիվների տեղափոխման և նախնական թվայնացման աշխատանքները կազմակերպել և իրականացրել է թանգարանի տնօրեն Մակի Գոշին Մանկասարյանը, իսկ հետազոտողներին հասանելի դարձնելու նպատակով թվայնացված նյութերը բանալի բառերով փնտրելու համակարգի աշխատանքին մասնակցել է Քլարք համալսարանի դոկտ. Աննա Ալեքսանյանը՝ պրոֆ. Թաներ Աքչամի ղեկավարությամբ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել 2025 թվականի դեկտեմբերին, որից հետո արխիվն ամբողջությամբ կներկայացվի համացանցով: