Լոս Անջելեսում ամերիկահայերը մտադիր են գիշերել Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ եւ թույլ չտալ աշխատակիցների մուտքը շենք

14 Օգոստոսի 2023, 11:35

Քաղաքականություն

Ամերիկահայերը մի քանի ժամ է՝ շրջափակել են Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության շենքը, որտեղ բացի այդ երկրի հյուպատոսարանից, գործում է եւս 5 երկրի հյուպատոսարան, այդ թվում՝ Իսրայելինն ու Բուլղարիայինը: Ակցիայի մասնակիցները փակել են հյուպատոսարանների շենք տանող փողոցը: Նրանք մտադիր են գիշերել այնտեղ եւ առավոտյան թույլ չտալ հյուպատոսությունների աշխատակիցների մուտքը շենք:

Հայերը շենքի մուտքի դռների վրա փակցրել են Արցախի դրոշն ու «Արցախի հետ, Արցախի համար», «Հայերը ցեղասպանության վտանգի առջեւ են կանգնած՝ հանձին ադրբեջանական ռեժիմի», «Կանգնեցրե՛ք հայերի 2-րդ ցեղասպանությունը» գրությամբ պաստառներ:

Լոս Անջելեսում Alpha News-ի թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանությունը փորձել է ճանապարհը բացել, բայց հայ ակտիվիստները համոզել են նրանց թույլ տալ շարունակել ակցիան: Նրանք կոչ են անում Լոս Անջելեսում ապրող հայերին՝ միանալ ի պաշտպանություն Արցախի ակցիային: Այնտեղ ներկա են նաև ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ ի պաշտպանություն Արցախի, ամերիկահայերը անհնազանդության ակցիաներ են անում: Նախ նրանք Բըրբանք քաղաքում, որտեղ տեղակայված է կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակը, ակցիա էին արել եւ հանդիպում պահանջել Շիֆի հետ: Հայ ակտիվիստները կոնգրեսականից պահանջում էին նաեւ գալ Հայաստան եւ տեղում ծանոթանալ իրավիճակին։ Մի քանի օր անց Ադամ Շիֆը համաձայնել էր ընդունել հայերին: Հանդիպմանը կոնգրեսականը տեղեկացրել է, որ շուտով Հայաստան է գալու ամերիկացի այլ կոնգրեսական: Կոնգրեսական Ադամ Շիֆի հանդիպումից հետո ամերիկահայերը իրենց բողոքի ակցիաները շարունակում են Լոս Անջելեսի արեւմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի եւ Գրենվիլ պողոտայի խաչմերուկում, որը կրում է «Արցախի Հանրապետության հրապարակ» անունը: Այս հրապարակին կից է նաեւ Ադրբեջանի հյուպատոսարանի շենքը: