Լոս Անջելեսում բացվել է Վանիկյան եղբայրների ցուցահանդեսը
10 Դեկտեմբերի 2024, 23:00
Լոս Անջելոսի «Սարյան» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարիչներ Վանիկյան եղբայրների ցուցահանդեսը:
Բացման խոսքում Աշոտ Գեղամյանը հիշեցրել է, որ չորս տարի առաջ Փասադենայի ՀԲԸՄ կենտրոնում տեղի է ունեցել Կայծակ Վանիկյանի նկարների բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթը տրամադրվել է զոհված զիվորների ընտանիքներին:
Նրանց նկարչության ազդեցությունները գալիս են վաղ և միջին Վերածննդի շրջանից։ Հիմնականում նկարում են դիմանկար, հայրենի անզուգական բնաշխարհը, ինչպես նաև՝ հոգևոր թեմաներով:
Կայծակ Վանիկյանը մի ամբողջ հոգևոր շարք նվիրել էր Արցախին և այդ գործերը գտնվում էին Դադիվանքում, սակայն 44-օրյա պատերազմից հետո նա ստիպված էր այդ հավաքածուն վերադարձնել Երևան:
Մյուս եղբայրը՝ Փայլակն, առաջին անգամ է ցուցահանդեսով ներկայանում Միացյալ նահանգներում և ուրախ է, որ իր գործերը ցուցադրվում են հայկական մշակութային հաստատության մեջ:
Ցուցահանդեսի բացմանը հիմնականում ներկա էին վերջին տարիներին Հայաստանից Միացյալ Նահանգներ տեղափոխվածները, այդ թվում՝ արվեստագետներ, լրագրողներ, բժիշկներ: