Լոս Անջելեսում գործող Հայոց ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը հավաք կանցկացնի՝ ի համերաշխություն արցախցիների
27 Սեպտեմբերի 2023, 00:10
Հայերի ցեղասպանություն է ընթանում։ Այս մասին հայտարարել է Լոս Անջելեսում գործող Հայոց ցեղասպանության ոգեկոչման միացյալ մարմինը։
«Այս զանգվածային ոճրագործության թիրախը Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) 120.000 խաղաղ բնակիչներն են։ Ցեղասպանության հեղինակը՝ Ադրբեջանի սադիստական ռեժիմը, օգտագործում է մանրակրկիտ մշակված բնաջնջման ծրագիր։ Օրենքի գերակայությունն արհամարհվում է, քանի որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռները, որ կոչ են անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը, արհամարհվում են արյունարբու ավտորիտար ռեժիմի կողմից»,-նշված է հայտարարության մեջ։
Կառույցից ընդգծում են՝ Կառավարության ներկայացուցիչների դատապարտման աղաղակները դատարկ են հնչում, երբ նրանց կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվում հանցագործություն կատարողին պատժելու կամ կանխելու համար իր սպանության ծրագրերը։
UACLA-ն կոչ է անում ի նշան արցախցիների հետ համերաշխության, սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին, գնալ Մոնթեբելոյում գտնվող Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձանի մոտ։
«Եկեք արժանապատվորեն ոտքի կանգնենք արցախցիների հետ, երբ նրանք պայքարում են իրենց ինքնորոշման իրավունքի համար, պաշտպանում են մեր հինավուրց հայրենիքը և դիմադրում հալածանքներին ու ցեղասպանությանը»,-նշել են կառույցից։