«Հայկական սփյուռքը չի՛ լռի». Հայ դատի Արևմտյան շրջանի հանձնախմբի պատասխանը՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունները խոչընդոտելու մեղադրանքին

18 Հուլիսի 2023, 13:45

Քաղաքականություն

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Սինան Կուզումը հունիսին նամակ է ուղարկել Կալիֆորնիայի օրենսդիրներին՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցություններին։ Նամակում Կուզումը մեղադրել է Լոս Անջելեսում հայկական սփյուռքին Հայաստանի և Թուրքիայի միջև խաղաղ բանակցությունների բարի կամքին ու ոգուն խոչընդոտելու փորձի մեջ՝ կոչ անելով օրենսդիրներին ուշադիր լինել բանակցությունների նկատմամբ՝ նախքան այդ թեմայով խոսելը:

Ամերիկայի Հայ դատի Արևմտյան շրջանի հանձնախումբը պատասխանել է հյուպատոսի նամակին՝ դատապարտելով նրա կողմից փաստերի խեղաթյուրումը։

«Հայկական սփյուռքը չի լռի. մենք շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, Հայոց ցեղասպանության և այն հանցագործությունների հարցով, որոնք Թուրքիան ակտիվորեն իրականացնում է Հայաստանի, Արցախի և ամբողջ Սփյուռքի դեմ։ Վստահ ենք՝ մեր ընտրված պաշտոնյաները կշարունակեն առաջնահերթություն տալ ամերիկահայ ընտրողների մտահոգություններին, քան օտար կառավարության անամոթ լոբբինգին, որը փորձում է մերժել օրինական մտահոգությունները», — նշված է հայտարարության մեջ։