Լուկաշենկոն՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում հայկական կողմի բացակայության մասին
28 Նոյեմբերի 2024, 15:26
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադարձել է գագաթնաժողովում հայկական կողմի բացակայությանը, հայտնել է «ԲԵԼՏԱ»-ն։
«Այսօր ես պատիվ ունեմ առաջինը խոսելու, քանի որ մեր հայ գործընկերները չեն մասնակցում հանդիպմանը։ Դա, ի դեպ, բնութագրում է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում և որոշ չափով մեր կազմակերպությունը»,- նշել է նա։
Հարկ է նշել, որ սովորաբար գագաթնաժողովում ՀԱՊԿ ղեկավարները խոսում են այբբենական կարգով՝ ելնելով երկրների անունների առաջին տառերից։ Այսպիսով, եթե գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ լիներ, նա առաջինը կխոսեր։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցության սառեցման մասին։