Լուսաձայնային նռնակները կիրառվում են բացառապես ազատ տարածությունում․ փաստաբան
18 Հունիսի 2024, 00:07
Արգելվում է լուսաձայնային նռնակի կիրառումը այն վայրերում, որտեղ մարդ կա կանգնած: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանը։
«Թյուր կարծիք կա, որ ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների նպատակը մարդկանց վիրավորելն է, որովհետև դա ենք տեսել: Լուսաձայնային նռնակների իմաստը զգուշացնելն ու վախեցնելն է, դրանց կիրառումը բացառապես ազատ տարածության մեջ պետք է լինի մարդկանցից առնվազն 2,5 մետր հեռավորության վրա: Տեխնիկական առումով՝ հաշվարկված է այնպես, որ լուսաձայնային նռնակի բեկորները չկարողանան անդառնալի կորուստներ պատճառել մոտակայքում գտնվող քաղաքացիներին:
Հստակ է նաև, որ ուղեցույցներով արգելվում է այդպիսի միջոցների անդադար կիրառումը: Ոչ թե մեկ անգամ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակ ու սպասեց դրա արդյունքին, որ, օրինակ, մարդիկ լսեն, վախենան ու հետ քաշվեն: Անդադար, շանս չտալով մոտակայքում գտնվող մարդկանց փրկվելու՝ ագահորեն կիրառվում էր: Այդ պարագայում՝ լրագրող, ցուցարար, թե սովորական անցորդ, շանս չունի պաշտպանվելու այդ բեկորներից»,- նշել է փաստաբանը:
Հարությունյանն ընդգծել է՝ պետք է ուղղակի չկիրառել արգելված միջոցներ։
«Ոչ թե պետք է զգուշացնել, որ շուտով կկիրառվի հատուկ միջոցներ, այլ ընդհանրապես չկիրառել հատուկ միջոցներ այն վայրերում, որտեղ կան կանգնած խաղաղ ցուցարարներ, առհասարակ՝ մարդիկ:
Պետք է, որպես վարչական մարմին, պարտավորեցնել ոստիկանությանը իր ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում պատճառված վնասի հատուցման պահանջ ներկայացնել: Եթե մերժի ոստիկանությունը, պետք է դիմել վարչական դատարան:
Վնասված քաղաքացիներին վկայի կարգավիճակով պետք է հրավիրել Քննչական կոմիտե՝ հարցաքննության»,- եզրափակել է Վարազդատ Հարությունյանը։