Լույս է տեսել Համլետ Մարտիրոսյանի խոհափիլիսոփայական վիպակի վերամշակված տարբերակը
16 Հունիսի 2023, 22:00
Ընթերցողի սեղանին է դրվել արձակագիր Համլետ Մարտիրոսյանի «Ես, ծնողներս և իմ մահը» վիպակի վերամշակված տարբերակը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հեղինակը նշել է, որ վիպակի բովանդակությունը տարողունակ է, փիլիսոփայական տարրերով լեցուն:
«Վիպակը ծնող-զավակ փոխհարաբերությունների մասին է։ Մարդ արարածն այս աշխարհի հետ կապ ունի միայն իր ծնողների միջոցով։ Ըստ սյուժեի՝ հերոսը վերհիշում է իր ապրած կյանքը, որի միջոցով ընթերցողի համար ստեղծվում է նոր իրականություն»,- ասել է Համլետ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ գրքի վրա աշխատել է երկու ամիս, սակայն մտորումների, ներքին խմորումների ստեղծագործելու համար տարիներ են պահանջվել։
Խոհափիլիսոփայական ստեղծագործության մեջ հիշողությունների դրվագները կապված են ներքին թելերով։ Այն հագեցած է սյուրռեալիստական տարրերով, իսկ ժամանակային խրոնիկոնը բացակայում է:
Համլետ Մարտիրոսյանի վիպակում տեղ են գտել ուսանելի թեզեր, որոնք մարդուն հուշում ինչպես ապրել կյանքը՝ բավարարվելով գոնե այն ժամանակահատվածով, որն Աստծո կողմից տրվել է:
Վիպակն առաջին անգամ լույս էր ընծայվել 2019 թվականին, իսկ վերամշակված տարբերակը՝ ընթացիկ տարվա հունիսի 2-ին։
Հեղինակի տեղեկատվությամբ՝ «Լուսաբերդ» հիմնադրամի աջակցությամբ՝ «Ծիծեռնակ» հրատարակչությունում տպագրված գրքի օրինակները շրջափակման պատճառով դեռևս գտնվում են Երևանում, որտեղ Հայաստանի գրողների միության կողմից կկազմակերպվի շնորհանդեսը: