Լրացել է լեգենդար գրող Էդուարդ Ասադովի ծննդյան 100-ամյակը

08 Սեպտեմբերի 2023, 20:00

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Էդուարդ Ասադովը ծնվել է Թուրքմենստանում, հայ մտավորականների ընտանիքում։ Ծնողները եղել են ուսուցիչներ։ Հայրը՝ Արտաշես Ասադյանցը եղել է Արցախի Հադրութ գյուղից: Ութ տարեկանում Էդուարդ Ասադովը գրել է իր առաջին բանաստեղծությունը։ 1939 թվականից ապրել է Մոսկվայում, սովորել Մոսկվայի 38-րդ դպրոցում, որն ավարտել է 1941 թվականին։ Դպրոցն ավարտելուց մեկ շաբաթ անց սկսվել է Հայրենական մեծ պատերազմը։ Ասադովը կամավոր մեկնել է ռազմաճակատ, եղել է ականանետի նշանառու, ապա «Կատյուշայի» մարտկոցի հրամանատարի օգնական՝ Հյուսիսկովկասյան ու Ուկրաինական 4-րդ ռազմաճակատներում։ Կռվել է նաև Լենինգրադի ճակատում։

1944 թվականին պայթած արկի պատճառով Էդուարդը գլխի վնասվածք է ստացել։ Բարեբախտաբար, Ասադովը ողջ է մնացել, սակայն կուրացել է։ Բայց, չնայած ամենին, Ասադովը չի դադարել գնահատել ու սիրել գեղեցիկը, չի դադարել ստեղծել ու գրել հրաշալի բանաստեղծություններ, որոնք արդիական են ցանկացած սերնդի համար։

Էդուարդ Արկադևիչը շատ երկրպագուներ է ունեցել, և, ըստ նրա, այդ դժվարին պահին իրեն փրկել է սերը։ Երկրպագուների սերը նրա հրաշալի ու բարի բանաստեղծությունների հանդեպ այնքան անկեղծ է եղել, որ այն հետագայում վերածվել է ավելիի։ Աղջիկները միմյանց են փոխանցել Էդուարդի աշխատանքով թղթի կտորներ: Գեղեցկուհի երկրպագուներից նա կին է ընտրել մանկական թատրոնի դերասանուհի Իրինա Վիկտորովային։ Սակայն, ամուսնությունը երկար չի տեւել։ Գրողը մինչև իր կյանքի վերջն ապրել է երկրորդ կնոջ՝ Գալինա Ռազումովսկայայի հետ:

Բանաստեղծը շատ հպարտ է եղել, որ հայ է և սիրում էր ոչ միայն թուրքմենական, այլև հայկական խոհանոցը։ Զույգը որդի է ունեցել, ում անվանել են Արկադի՝ ի պատիվ հայ պապի։ Էդուարդ Ասադովը նաև բազմաթիվ բանաստեղծություններ է գրել իր պատմական հայրենիքի մասին։