ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն. ԵՄ դեսպան
15 Մայիսի 2023, 14:08
Երեկվա բրյուսելան հանդիպման ժամանակ բարձրացվել է նաև Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը, հաղորդել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսում:
«Նախկինում մի քանի անգամ ընդգծվել է, որ դա Ստեփանակերտի և պաշտոնական Բաքվի միջև ուղիղ քննարկման առարկա է: Ոչ միայն այս հանդիպման ընթացքում, այլ նաև նախագահ Միշելի մամուլի հաղորդագրության մեջ նշվել է, որ ԼՂ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն»,- ասել է դեսպանը:
Ըստ Վիկտորինի՝ դա նույնպես ենթադրում է առաջիկայում լրացուցիչ քայլեր:
«Կա ընկալում, որ ինչ-որ միջազգային մեխանիզմ է պետք, բայց պետք է աշխատենք այն ձևավորելու ուղղությամբ և բոլոր կողմերի հետ համաձայնեցնենք»,- նշել է Վիկտորինը՝ հավելելով, որ աշխատանք կա անելու: