ԼՂ-ին որպես վարկ հատկացվող գումարները 2024-ին կուղղվեն ՀՀ տարբեր ծրագրերի իրականացմանը. նախարար
30 Հոկտեմբերի 2023, 15:00
Լեռնային Ղարաբաղին մինչև այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրականացմանը։ Այս մասին ԱԺ-ում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն է հայտարարել՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախնական նախագիծը:
Նախարարը նշել է, որ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, և բյուջեի ներկայացված սցենարում չկա այն ամբողջական միջոցառումների և ծրագրերի շրջանակը, որը կառավարությունը պատրաստվում է իրագործել 2024 թվականին:
«Ճիշտ է, բյուջեի այս տարբերակը ներկայացված է ՀՆԱ-ի մեջ 3.2 տոկոս դեֆիցիտով, բայց մեր պատկերացմամբ՝ այդ դեֆիցիտը 2024-ին կաճի մինչև 4.6 տոկոս, որ կարողանանք իրականացնել այդ բոլոր միջոցառումները: Սա որևէ հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն չի ավելացնի մեզ վրա, որովհետև մեր այսօրվա պատկերացումներով՝ այն գումարները, որոնք հատկացվում էին Լեռնային Ղարաբաղին՝ որպես միջպետական վարկ, կկարողանանք հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրա համար», — ասել է Հովհաննիսյանը: