«ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել ապահովել ԼՂ-ի բազմադարյա մշակութային ժառանգության անվտանգությունը
01 Օգոստոսի 2024, 10:52
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն»-ը նամակով դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՝ կոչ անելով հավատարիմ մնալ սեփական առաքելությանը և իր մանդատի շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի բազմադարյա հայկական մշակութային ժառանգության անվտանգությունը։
«ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն»-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունն է հրավիրել 2020-2023 թթ․ պատերազմների և արցախահայության էթնիկ զտումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական պատմական և մշակութային ժառանգության դրությանը, Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների և սրբավայրերի քանդմանը, պղծմանը, յուրացման անժխտելի փաստերին, հայկական գերեզմանատների նկատմամբ իրականացվող «ճանապարհաշինարարական» վանդալիզմին, ազգային-պատմական կառույցների քանդմանը և այն բոլոր հանցանքներին, որոնք մեկ բառով կարելի է բնորոշել որպես էթնոցիդ՝ մշակութային ցեղասպանություն։
«Մենք շարունակում ենք հավատացած մնալ, որ հայկական պատմական-մշակութային ժառանգության անվտանգությունը հնարավոր է լավագույնս ապահովել միայն այդ ժառանգության կրողների՝ արցախահայության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի պարագայում»,- նշված է նամակի մեջ: