Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքն աջակցություն կտրամադրի Արցախից տեղահանվածներին
21 Դեկտեմբերի 2023, 16:40
Լյուքսեմբուրգի Բեթեմբուրգ համայնքը հայտարարել է նախաձեռնության իրականացման մասին, որի նպատակն է օգնել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։ Համայնքի յուրաքանչյուր բնակիչ նվիրաբերել է 1 եվրո, որի արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 11500 եվրո։
Տեղահանվածներին օգնություն տրամադրող VIVA բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 1-ին հայտարարել է արցախցի հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ օգնության 5 ծրագրերի մասին։
Ինչպես նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ, նախաձեռնությունը կյանքի է կոչվել նաև Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի ջանքերի շնորհիվ, ով դիմել է մի շարք համայնքների և մասնավոր կազմակերպությունների՝ ոչ միայն տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու կոչով, այլև՝ տարածաշրջանում կատարված հումանիտար աղետի մասին տեղեկացնելու նպատակով։ Նրա կոչին արձագանքել է Բեթեմբուրգի համայնքն՝ իր ծրագրով և քաղաքապետ Լորան Զեյմետը՝ իր ակտիվ մասնակցությամբ՝ քաղաքապետարանի անդամներ Գուստի Գրասի և Ռոբի Բիսերի հետ միասին։
Միջոցները կուղղվեն «Մայրություն և մանկություն» ծրագրի իրականացմանը, որն արդեն հիմնադրամի հովանավորությամբ, բժշկական և սոցիալական աջակցություն է ապահովում ԼՂ-ի 320 խնամակալության տակ գտնվող հղիների: