Մահացել է բրազիլական հեռուստասերիալի հայազգի աստղ Արասի Բալաբանյանը

08 Օգոստոսի 2023, 17:25

Հայեր

Ռիո դե Ժանեյրոյում մահացել է բրազիլական հեռուստասերիալի հայազգի աստղ Արասի Բալաբանյանը։ Նա 83 տարեկան էր։

Արասի Բալաբանյանը ծնվել է 1940 թվականին, Կամպո Գրանդե քաղաքում 1915 թվականին Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիայից փախած հայ գաղթականներ Ռաֆայել եւ Էսթեր Բալաբանյանների ընտանիքում։

Տասնհինգ տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվել է Սան Պաուլո եւ օգնել մեծացնել իր յոթ փոքր եղբայրներին:

Արասին սովորել է Սան Պաուլոյի դրամատիկական արվեստի դպրոցում, ինչպես նաեւ եղել է Բելա Վիստայի ավանդական Բրազիլեյրո դե Կոմեդիա թատրոնի մի մասնիկը։

1964 թվականին Արասին առաջին անգամ երևում է հեռուստատեսությունում՝ Tupi TV հեռուստաալիքի Սոֆոկլեսի պիեսի հիման վրա նկարահանված «Անտիգոնե» հեռուստաներկայացմամբ։ Գլխավոր դերի համար Բալաբանյանն արժանանում է տարվա լավագույն դերասանուհի կոչմանը, ինչպես նաև հեղինակավոր «Փոքեթ Փինթու» թատերական մրցանակին։