Մահացել է հայտնի կինոռեժիսոր և հաղորդավար Տիգրան Քեոսայանը
26 Սեպտեմբերի 2025, 15:09
Մոսկվայում 59 տարեկանում մահացել է ռուսաստանաբնակ հայազգի հայտնի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը։
Քեոսայանը 2008 և 2010 թվականներին երկու ինֆարկտ էր տարել։ 2025 թվականի հունվարի 8-ի երեկոյան նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հայտնել էր, որ ամուսինը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։ Քեոսայանը հիվանդանոց էր տեղափոխվել 2024 թվականի դեկտեմբերի վերջին։
Տիգրան Քեոսայանը ծնվել է 1966 թվականի հունվարի 4-ին Մոսկվայում՝ խորհրդային հայտնի կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և դերասանուհի Լաուրա Գևորգյանի ընտանիքում։ 1983 թվականին ավարտել է դպրոցը և սկսել աշխատել «Մոսֆիլմ»-ում։ Մեկ տարի անց ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետ։ Նրա համակուրսեցիներն էին Ֆյոդոր Բոնդարչուկը, Իվան Օխլոբիստինը և Ալեքսանդր Բաշիրովը։
1980-ականների վերջին Քեոսայանը սկսել է նկարահանվել էպիզոդիկ դերերում։ 1988 թվականին նկարահանել է «Արևոտ ծովափ» կարճամետրաժ ֆիլմը՝ զինծառայողի մասին, ով փախչում է բանակից՝ չդիմանալով «դեդովշչինային»:
1997 թվականին Քեոսայանը նկարահանել է «Խեղճ Սաշան» քնարական ամանորյա կատակերգությունը՝ Ալեքսանդր Զբրուևի, Յուլիա Չեռնովայի և Վերա Գլագոլևայի գլխավոր դերակատարությամբ։ Ֆիլմն արժանացել է ՏԷՖԻ մրցանակի «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում։
Դրան հաջորդել են «Նախագահը և նրա թոռնուհին» (1999), «Արծաթափայլ հովտաշուշան» (2000), «Արծաթափայլ հովտաշուշան 2» (2004) ֆիլմերը, «Տղամարդու գործ» սերիալը (2001–2002)։
2000-ականների երկրորդ կեսին Քեոսայանը նկարահանել է «Նապաստակն անդունդի վրա» կատակերգությունը՝ Մոլդովայում Լեոնիդ Բրեժնևի արկածների մասին, և «Միրաժ» մարտաֆիլմը։ Այնուհետև ռեժիսորը նկարահանել է մի քանի սերիալ, այդ թվում՝ «Յալթա-45» և «Ծով, լեռներ, կերամզիտ» (որտեղ հիմնական սիրային գիծը ծավալվում է Սոչիում օլիմպիական օբյեկտների կառուցման ֆոնին)։ 2018 թվականին Քեոսայանը ներկայացրել է «Ղրիմի կամուրջը. պատրաստված է սիրով» ֆիլմը, որը նկարահանել է երկրորդ կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի սցենարով։