Մահացել է հայտնի վիրտուոզ դաշնակահար Լևոն Օգանեզովը
15 Դեկտեմբերի 2025, 09:56
Մահացել է դաշնակահար, կոմպոզիտոր, դերասան, հեռուստահաղորդավար, ՌԴ ժողովրդական արտիստ Լևոն Օգանեզովը: Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Շկլովերը:
«Խորը ցավով հայտնում ենք, որ դեկտեմբերի 13-ին քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո մահացել է Լեոնտի Սարգսի Օգանեզովը։
Իր բազմաթիվ երկրպագուների համար նա կհիշվի վիրտուոզությամբ և սուր հումորով։ Մեզ համար նա հավերժ կմնա սիրված ամուսին, հայր, պապ, նախապապ, աներ և լավագույն ընկեր: Հրաժեշտի մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- սոցցանցի իր էջում հայտնել է Մարիա Շկլովերը:
Լևոն Օգանեզովը ծնվել է Մոսկվայում։ Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը։ Բազմիցս հաղթել է դաշնամուրային մրցույթներում։ Վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր, նարահանվել է մի քանի ֆիլմերում։
Որպես նվագակցող աշխատել է այնպիսի հայտնի արտիստների հետ ինչպիսիք են՝ Անդրեյ Միրոնովը, Կլավդիա Շուլժենկոն, Օլեգ Անոֆրիևը, Վալենտինա Տոլկունովան, Իոսիֆ Կոբզոնը, Վլադիմիր Վինոկուրը, Լարիսա Գոլուբկինան, Յան Օսինը, Մաքսիմ Գալկինը և ուրիշներ։ Որպես դերասան հանդես է եկել Մոսկվայի Սատիրայի թատրոնում։ Հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Հայաստանում, ԱՄՆ-ում, Իսրայելում, Ավստրալիայում, Ֆրանսիայում։