Մահացել է աշխարհահռչակ դերասանուհի, «Մայրիկ» ֆիլմում հայուհու կերպարը մարմնավորած Կլաուդիա Կարդինալեն

24 Սեպտեմբերի 2025, 15:10

Մշակույթ

Համաշխարհային կինոյի լեգենդ Կլաուդիա Կարդինալեն կյանքից հեռացել է սեպտեմբերի 23-ին՝ 87 տարեկան հասակում։ Դերասանուհին մահացել է Ֆրանսիայի Նեմուր քաղաքում՝ Փարիզի մոտ, որտեղ ապրել է վերջին տարիներին։

Կարդինալեն իր ավելի քան կեսդարյա կարիերայի ընթացքում նկարահանվել է 120-ից ավելի ֆիլմերում, իսկ 1991 թվականին նկարահանվել է հայկական ծագումով ֆրանսիացի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում։

Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ ընտանիքի մասին, որը տեղափոխվել է Մարսել։ Ֆիլմում նա մարմնավորել է Արաքսի Զաքարյանի դերը։

«Դերում ես վերապրեցի հայ մայրիկի մեծ և դժվարին ճակատագիրը՝ 20-ամյա երիտասարդ կնոջից, մինչև ճերմակահեր 80-ամյա ծեր կնոջ։ Բազում դժվարությունների ապրած կնոջ մի ամբողջ կյանք։ Օգնեց նաև այն, որ շատ էի լսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին։ Հուսով եմ այս ֆիլմով ես կգամ մի օր դեպի Արարատ»,- ասել էր Կարդինալեն:

2010 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Կարդինալեն այցելել է Հայաստան։ Փառատոնն այդ տարի նվիրված էր Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին և Վեռնոյի 90-ամյակին։

Դերասանուհու գործակալ Լորան Սավրին ասել է․ «Նա մեզ ժառանգություն է թողել ազատ և ոգեշնչված կնոջ կերպարը՝ ինչպես իր կանացի, այնպես էլ ստեղծագործական կարիերայում»։

Իտալացի դերասանուհու ամենահայտնի աշխատանքներից են՝ «Վենետիկյան ամուսնություններ», «Ընձառյուծը», «Ութուկեսը», «Ռոկկոն և իր եղբայրները», «Մի անգամ վայրի Արևմուտքում»։ Նա աշխատել է այնպիսի կինոաստղերի հետ, ինչպիսիք են Ալեն Դելոնը, Մարչելլո Մաստրոյանին և շատ ուրիշներ։

Հիմա եթերում