Մահացել է ամերիկահայ հայտնի քաղաքական ու ռազմական գործիչ Փոլ Իգնատիուսը
08 Նոյեմբերի 2025, 12:34
Մահացել է ամերիկահայ քաղաքական և ռազմական գործիչ Փոլ Իգնատիուսը (Իգնատոսյան)։ Նա եղել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարար և ԱՄՆ պաշտպանության փոխնախարար։ Մի քանի օրից ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը կդառնար 105 տարեկան։
Փոլ Ռոբերտի Իգնատիուսը ծնվել է 1920 թվականի նոյեմբերի 11-ին Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում, հայ գաղթականներ Հովսեփ և Էլիզա Իգնատոսյանների ընտանիքում։ Դեռ պատանի հասակից հետաքրքրություն է ցուցաբերել զինվորական գործի նկատմամբ՝ ոգեշնչվելով հոր պատմություններից։ Կրթություն ստանալով Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում և Հարվարդի բիզնեսի դպրոցում՝ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից կամավոր մտել է ԱՄՆ ռազմածովային ուժեր։
Պատերազմի ընթացքում Իգնատիուսը մասնակցել է Ֆիլիպինյան դեսանտային օպերացիային և Սուրիգաոյի ծովամարտին, ինչի համար պարգևատրվել է ԱՄՆ ՌԾՈւ մեդալով։ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո վերադարձել է ԱՄՆ, շարունակել կրթությունը, ամուսնացել և զբաղվել գիտական ու խորհրդատվական գործունեությամբ՝ համագործակցելով պաշտպանության նախարարության հետ։
Կորեական պատերազմի ժամանակ Իգնատիուսը մշակել է ծովային շրջափակման ռազմավարություն և Ինչհոնի դեսանտային օպերացիայի պլանը։ Նրա տաղանդը նկատվել է Սպիտակ տանը, նա զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ, այդ թվում՝ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի և ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնները։ Այս պաշտոնում նա նախաձեռնել է նավատորմի արդիականացումը։ 1969 թվականին առողջական խնդիրների պատճառով հեռացել է պաշտոնից։