ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը իրազեկման շոու էր, դիվանագիտական նվաճում չկար. Վիգեն Հակոբյան
17 Օգոստոսի 2023, 16:15
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը իրազեկման շոու էր, որտեղ շահագրգիռ կողմերը վերահաստատեցին իրենց՝ նախկինում հնչեցրած դիրքորոշումները:
«ՄԱԿ-ի ամբիոնը լրացուցիչ տեղ էր, որտեղ աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ կենտրոններն իրենց տեսակետները նորից հայտնեցին: Ես որեւէ անակնկալ դիրքորոշում չլսեցի այդ քննարկման ժամանակ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:
Վիգեն Հակոբյանը ավելորդ է համարում խոսել դիվանագիտական աշխատանքի մասին եւ քննադատել հայկական կողմին՝ բավարար չափով աշխատանք չտանելու համար, որի պատճառով որոշ երկրներ խոսեցին Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհի շահագործման մասին, ըստ էության, հավասարեցնելով այն Լաչինի միջանցքի հետ:
Հայկական կողմի համար ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկումը Հակոբյանի դիտարկմամբ՝ անհաջող էր: Նա կարծում է, որ Հայաստանի արտգործնախարարը փոխարենը ներկայացներ Արցախի շրջափակման քաղաքական ու իրավական բաղադրիչները, խոսեց միայն դրա հետեւանքով առաջացած հումանիտար հարցերի մասին, ինչն, իհարկե, զարմանալի չէր, քանի որ Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է:
«Բնական է, երբ չես խոսում Արցախի անվտանգության երաշխավորը լինելու մասին, հրաժարվում ես Արցախից, հարցը քննարկում ես միայն հումանիտար տիրույթում: Արցախի Հանրապետության, արցախցիների ինքնորոշման իրավունքի մասին հարցերը Հայաստանի իշխանությունների օրակարգում գոյություն չունեն»,- նկատեց Հակոբյանը:
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի պահանջով տեղի ունեցավ Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը տեւեց շուրջ երկու ժամ: Առայժմ հայտնի չէ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ կընդունի՞, թե մամուլի համար հարղորդագրություն կտարածի: