ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանն այցելել է Տաշքենդի հայկական եկեղեցի

02 Օգոստոսի 2024, 15:34

Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանն այցելել է Տաշքենդ քաղաքի Սուրբ Փիլիպոս եկեղեցի:

Հյուրին դիմավորել է Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը: Տեր Հովհաննեսը խոսել է հայկական եկեղեցու կառուցման և գործունեության պատմության, Ուզբեկստանի հայ համայնքի կյանքում ունեցած դերի մասին: Նա նաև անդրադարձել է հայ և ուզբեկ ժողովուրդների միջև ամուր փոխհարաբերություններին և բարեկամությանը, հայ առաքելական Եկեղեցու և Ուզբեկստանի Հանրապետության պետական մարմինների սերտ համագործակցությանը:

Տեր Հովհաննես քահանա Գրիգորյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի անունից փոխանցել է իր ողջույնի խոսքն ու բարեմաղթանքները։

Մովսես Աբելյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել Տաշքենդի հայկական եկեղեցու գործունեությունը հայկական հոգևոր-մշակութային և պատմական ժառանգությունը ներկայացնելու, հայրենիքից հեռու բնակվող հայերի շրջանում մայրենի լեզուն, ավանդույթներն ու սովորույթները պահպանելու, մատաղ սերնդին հայ ժողովրդի հոգևոր արժեքներին հաղորդակից դարձնելու գործում: