ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի խնդրով

03 Օգոստոսի 2023, 10:05

Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին մտահոգում են Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատության հետ կապված խնդիրների մասին հաղորդագրությունները:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված պահպանվող խնդիրների մասին հաղորդագրություններով», — նշված է Գուտերեշինի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքի մեկնաբանության մեջ:

Գուտերեշինը հիշեցրել է, որ կողմերը պետք է կատարեն միջազգային դատարանի որոշումները, այդ թվում` 2023 թվականի փետրվարի 22-ի վճիռները, ինչպես նաև այն որոշումները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքի երկու ուղղություններով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովմանն ուղղված միջոցառումներին։

«Նա հատկապես մտահոգված է «գետնի վրա» հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել հասանելիությունը հեշտացնելու համար` կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու նպատակով: Գլխավոր քարտուղարը երկու կողմերին կոչ է անում նաև ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ` ի շահ խաղաղության և հանուն տարածաշրջանում անվտանգության»,-նշել է Հաքը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից:

Հիմա եթերում