ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կանգնեցնել հումանիտար ճգնաժամը Արցախում

08 Օգոստոսի 2023, 11:32

Քաղաքականություն

Այսօր ՄԱԿ–ի մի խումբ փորձագետներ տագնապ են հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ, ինչը սոսկալի հումանիտար ճգնաժամի է հանգեցրել Լեռնային Ղարաբաղի շրջանում: Այս մասին հայտնում են Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունից:

Շրջափակման հետևանքով վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի հետևանքով բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ: Շրջափակումը խափանել է նաև բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը և մեծագույն ռիսկի է ենթարկում բնակիչների, հատկապես՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղի կանանց և հիվանդների կյանքը:

«Լաչինի միջանցքի շրջափակումը հումատիտար ճգնաժամ է, որը հանգեցրել է սննդամթերքի պաշարների, այն թվում՝ ձեթի, ձկնամթերքի, թռչնամսի, կաթնեղենի, ցորենի, շաքարի և մանկական սննդի կտրուկ նվազման»,- նշում են փորձագետները:

Նրանք ահազանգում են, որ արագ սպառվում է դեղորայքը, իսկ հիվանդանոցները դժվարությամբ են ապահովում բժշկական օգնություն, քանի որ շտապ օգնության մեքենաների աշխատանքը խափանվել է վառելիքի պակասի հետևանքով:

Փորձագետները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին պայմանագրի:

Նրանք նաև կոչ են անում շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին` պաշտպանել միջանցքը՝ համաձայն զինադադարի մասին պայմանագրի դրույթների:

«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կազատեն Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներին տառապանքներից և թույլ կտան մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը քաղաքացիական բնակչությանը»,- նշում են փորձագետները:

«Այս սուր պահին անհրաժեշտ է ապահովել բոլոր անհտաների անվտանգությունը, արժանապատվությունը և բարօրությունը»,- նշում են փորձագետները:

«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ լինել իր միջազգային պարտավորություններին՝ հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքները: Մենք նաև շեշտում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր այն կողմերի միջև, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում»,- նշում են փորձագետները:

Կոչին միացել են` ՄԱԿ-ի Պարենի իրավունքի հարցով հատուկ զեկուցողը, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը, Կրթության իրավունքի հարցով հատուկ զեկուցողը, Տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցով անկախ փորձագետ: