ՄԱԿ-ին հիմա Լեռնային Ղարաբաղ հրավիրելը ծաղր է. Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար
09 Հոկտեմբերի 2023, 20:01
Հարավային Կովկասում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը Alpha News-ին մեկնաբանել է համաշխարհային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողին։
«Ես շատ զգույշ եմ տերմինների հետ, քանի որ, ինչպես մենք բոլորս գիտենք, ներկայումս «էթնիկ զտում» հասկացությունը չի կիրառվում: Անվտանգության խորհրդում ընկալում կա, թե ինչպես պետք է դա հասկանալ, և ես համաձայն եմ, երբ մեկ ազգի 120 հազար մարդ, դե ֆակտո, լքում է իր տունը, դա պետք է համարվի «էթնիկ զտում», և դրան պետք է արձագանք լինի: Ես նույնպես կցանկանայի ավելի ուժեղ արձագանք տեսնել ՄԱԿ-ից, և այստեղ մենք պետք է լինենք ազնիվ և բաց:
Գործառույթը, որը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կառույցի ստեղծման հիմնական պատճառը, խաղաղության ու անվտանգության պահպանումն էր ողջ աշխարհում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձախողվել է, և քանի դեռ Ռուսաստանը Խորհրդում է, որը վետոյի իրավունք է կիրառում բոլոր այն դեպքերում, որոնք լիովին անընդունելի են, ես չեմ տեսնում, որ ՄԱԿ-ն ավելի էական դեր ունենա: ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես ձախողվեց, բոլոր դիվանագիտական ջանքերը ձախողվեցին, այդ իսկ պատճառով մենք ականատես եղանք անցած շաբաթվա ողբերգությանը և հումանիտար աղետին։
ՄԱԿ-ին Լեռնային Ղարաբաղ հրավիրելը՝ տարածաշրջան այցելելու խնդրանքներից 30 տարի անց, հիասթափություն է: Սա ծաղր է, պարզապես, ՄԱԿ-ի վրա ծիծաղել է։ Եվ, երբ ես կարդացի զեկույցը, ես շփոթվեցի, ես սպասում էի, որ ՄԱԿ-ը պետք է լինի այնտեղ, որտեղ իսկապես պետք է, և լինի օբյեկտիվ, և ոչ թե զեկուցի, երբ բոլորը գնացել են:
Մեզ մնում է միայն ցանկանալ, որ ստեղծվի ՄԱԿ-ի իրական առաքելություն՝ միջազգային առաքելություն, որը հարցազրույց կանի ոչ միայն Լեռնային Ղարաբաղում մնացած մի քանի մարդկանց հետ, այլև նրանց, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը։ Ինչո՞ւ են նրանք դա արել, և ի՞նչ պայմաններում են պատրաստ վերադառնալ, ինչպե՞ս երաշխավորել իրենց անվտանգությունը, եթե ցանկանում են վերադառնալ»,- ասել է Կալյուրանդը։
Խոսելով Ադրբեջանի կողմից կալանավորված Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և ռազմագերիների մասին՝ նա նշել է, որ բանաձեւի տեքստում անուններ նշված չեն։
«Մենք քննարկել ենք այս հարցը՝ արժե՞ նշել Ադրբեջանի կողմից ձերբակալվածների անունները, սակայն որոշեցինք խոսել բոլոր ձերբակալվածների անունից և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը»,- ընդգծել է մեր զրուցակիցը: