ՄԱԿ-ում մեզ ներկայացրել էր նա, որի խմբակցությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս. Մետաքսե Հակոբյան
18 Օգոստոսի 2023, 22:03
Արցախը ՄԱԿ-ի ԱԽ նիստից, ի սկզբանե էլ, սպասելիքներ չի ունեցել, որովհետև մեր պետությանը ներկայացնելու էր նա, որի խմբակցությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Դրական սպասելիքներ, ի սկզբանե, չկային, ոոովհետև, մի տեսակ, ընկալելի չէ, երբ քեզ նիստի ժամանակ ներկայացնողը, թեկուզ բանավոր ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում` գնում է քո շահերը պաշտպանելու։ Սպասելիքներ չկային, հակառակը՝ անհանգստություն կար, որ կարող էր ինչ-որ մի բան այնպես չգնալ և այնտեղ հնչեին մտքեր, որ բոլորը տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում։ Միակ դրական բանը, որ կարող եմ արձանագրել, ի վերջո, միևնույն է չկային երկրներից հնչեցրած ուղիղ մտքեր, որ Արցախը Ադրբեջան է»,- ասել է Հակոբյանը։
Արցախի պատգամավորի համոզմաբ՝ ակնկալիքներ չէին կարող լինել, որովետև հայկական կողմը դիվանագիտական առումով տապալված էր․
«Ներկայանալ նման նիստի և խնդիրը ներկայացնել հումանիտար առումով, միանշանակ, մեր կողմից ոչ ընկալելի, ոչ ընդունելի էր, որովհետև մենք մեկ տարուց ավելի է բարձրաձայնում ենք, որ Արցախում ցանկացած խնդիր սոսկ հումանիտար չէ։ Տապալված, վարված-չվարված քաղաքականության արդյուքնում է, որ Արցախը այս վիճակում է։ Հիմա ևս, մեր առաջնահերթ խնդիրը հացի խնդիրն է, դա հումանիտար չէ, դա քաղաքական խնդիր է, որը պետք է լուծում ստանա, հակառակ դեպքում` հումանիտար խնդիրները փոխակերպվելու են մեկը մյուսով»,- եզրափակել է Մետաքսե Հակոբյանը։