ՄԱԿ-ը ևս հաստատել է՝ Արցախ վերադառնալ ցանկացող հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ալեքսանդր Պետրոսյան

01 Օգոստոսի 2024, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն վերջերս զեկույց է հրապարակել Ադրբեջանի մասին, որտեղ մի շարք մտահոգություններ է հայտնել, այդ թվում՝ արցախահայության հետ կապված։ Այդ զեկույցը հիմնված է ապրիլին տեղի ունեցած քննարկումների վրա, որին մասնակցել է Alpha News-ի հյուրը՝ փաստաբան, իրավաբան, Միջազգային հանրային իրավունքի մասնագետ Ալեքսանդր Պետրոսյանը։

«Ադրբեջանի պատվիրակությունը 6 ժամանոց երկխոսություն է ունեցել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի հետ, և կոմիտեի հարցերը մեծ մասով հիմնված էին մեր բանավոր ու գրավոր ներկայությունների վրա։ Զեկույցում 4 դրական հայտարարություններ կան։ Առաջինն այն է, որ առանձին բաժին կա արցախահայության մասին, և այն կոչվում է «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում»։ Սա կարևոր է, քանի որ ստացվում է՝ նրանք ճանաչում են, որ կա տարածքային սուբյեկտ կամ միավորում՝ որպես Լեռնային Ղարաբաղ։ Բայց Ադրբեջանն անընդհատ փորձում է հերքել ԼՂ-ի գոյությունը՝ որպես տարածքային սուբյեկտ։

Երկրորդն այն է, որ ՄԱԿ-ի կոմիտեն պարզել է՝ Ադրբեջանի Զինված ուժերը կատարել են խոշտանգումներ, խախտել են մարդկային իրավունքի կանոններ էթնիկ հայերի դեմ, այդ թվում՝ գերիների ու խաղաղ անձանց դեմ, և Ադրբեջանի իշխանություններն այդ ամենը հանդուրժել են։ Կան տեսանյութեր, որտեղ երևում են այդ հանցանքները, այդ մարդկանց ժպտացող դեմքերը, և նրանք այսօր էլ հպարտանում են իրենց արածով, քանի որ որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Ադրբեջանի դելեգացիայի տվյալների համաձայն՝ այդ առիթով 5 քրեական գործ է հարուցվել, բայց փաստացի որևէ մեկը ազատազրկման չի ենթարկվել։ Այս երկու փաստերի առումով ՄԱԿ-ն ասել է, որ Ադրբեջանում անպատժելիության խնդիր կա»,- ասաց Պետրոսյանը։

Խոսելով երրորդ և չորրորդ կարևոր հայտարարությունների մասին՝ Միջազգային հանրային իրավունքի մասնագետն ընդգծեց, որ կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական օպերացիայի նկատմամբ։

«Երրորդ դրական հայտարարությունն այն է, որ կոմիտեն նշել է՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները և Կառավարության ղեկավարները զբաղվում են ատելության խոսք տարածելով։ Եվ դրա արդյունքում այնտեղ ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որ հայերի նկատմամբ նման հանցանքներ գործելու մակարդակը բարձր է։

Չորրորդ դրական հայտարարությունն այն է, որ կոմիտեն մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական օպերացիայի նկատմամբ։ Այս հայտարարություններով կարող ենք ասել, որ ՄԱԿ-ը հաստատեց Հայաստանի հիմնական փաստարկը ԼՂ-ի հակամարտությունում՝ այն է, որ հայերը չեն կարող ապահով ապրել Ադրբեջանում, ինչպես նաև Արցախ վերադառնալ ցանկացող հայերը չեն կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ»,- եզրափակեց Պետրոսյանը։

Հիմա եթերում