Մալանկարա եկեղեցու պատվիրակությունն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

16 Մարտի 2025, 19:09

Մշակույթ

Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր եղբայրական այցով այցելել են Մալանկարա սիրիական ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ Դելիի միտրոպոլիտ Յուհան Մար Դեմետրիոսը և Կուննամկուլամ Գևարգիս Մար Հուլիոսը: Նրանց ուղեկցել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի աշխատակից Մարկ աբեղան (Ախմատխանով)։ Այս մասին գրում է armenianchurch.ru-ն։

Եկեղեցու մուտքի մոտ հյուրերին դիմավորել են Տեր Գաբրիել վարդապետ Սարգսյանը և Պայծառակերպության Մայր տաճարի լուսարարապետ Տեր Աբգար քահանա Սողոմոնյանը՝ փոխանցելով Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ողջույնի և բարեմաղթանքի խոսքը:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են երկու քույր եկեղեցիների հոգևոր և եղբայրական դարավոր կապերը՝ ընդգծելով նրանց ընդհանուր ավանդույթներն ու հոգևոր հարուստ ժառանգությունը: Այնուհետև պատվիրակությունն այցելել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճար, որտեղ կատարվել է միասնական աղոթք: