«Մանդատ չունես Արցախը հանձնես Ադրբեջանին». «Բաբոն տեր ա» նախաձեռնությունը՝ ՀՀ իշխանությանը

31 Օգոստոսի 2023, 11:51

Քաղաքականություն

Կառավարության նիստին ընդառաջ` «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամներն ու այլ քաղաքացիներ Արցախն Ադրբեջանին չհանձնելու պահանջով ակցիա իրականացրեցին գործադիրի շենքի դիմաց: Ակցիային մասնակցում էին տարբեր մասնագիտություններ ունեցող կանայք, որոնք կառավարության անդամներին զգուշացնում էին, որ նրանք մանդատ չունեն Արցախն Ադրբեջանին հանձնել:

Նրանց ձեռքին կար «Մանդատ չունես պատմական հիշողություն ջնջել», «Մանդատ չունես հռչակագիր փոխել», «Մանդատ չունես ազգ պառակտել», «Մանդատ չունես Արցախ հանձնել» ու այլ գրությամբ պաստառներ: Ակցիայի մասնակիցները շենք մտնող կառավարության անդամներին տեսնելիս՝ գոռում էին, որ նրանք մանդատ չունեն Արցախը հանձնել Ադրբեջանին:

«Այս իշխանությունն իր քվեն ստանձնել է նախընտրական ծրագրով, որը վաղուց դրժել է: Այլեւս իշխանությունը չի ներկայացնում իր ընտրողներին: Բոլորը գիտեն, որ այս իշխանությունները մանդատ չունեն, բայց պետք է ձայն բարձրացնել, ուղղորդել ու համախմբել մարդկանց:

Հասարակությունը պետք է հասկանա՝ վախենալու բան չկա, պետք է միախմբվել: Այն թեզը, որ մեզ միավորել հնարավոր չէ, մենք եկել ենք կոտրելու: «Մանդատ չունեսը» կոնսոլիդացիայի հիմք է, բոլորը համաձայն են այս պնդման հետ, կարծում ենք, որ համախմբում կլինի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամ Նաիրա Մարգարյանը:

Հիմա եթերում