Մանկապղծությունն արդեն իսկ պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքով՝ առանց Ստամբուլյան կոնվենցիայի. Հայկ Այվազյան

23 Օգոստոսի 2023, 15:30

Քաղաքականություն

Մանկապղծության կադրերով տեսանյութի տարածման նպատակը ցույց տալն էր, որ Հայաստանում այդպիսի դեպքերը մասսայական են, այնքան շատ, որ կարիք կա լրացուցիչ օրենսդրական կարգավորման՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման տեսքով:

Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնել «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ մեկնաբանելով օգոստոսի 18-ին համացանցում տարածված տեսանյութը, որում Գավառի բնակիչ Աննա Արևշատյանը բռնության է ենթարկում իր անչափահաս աղջիկներին:

Հայկ Այվազյանը համոզված է՝ տեսանյութը վաղուց էր նկարահանվել, ուղղակի, պատվիրատուները հիմա որոշեցին այն հրապարակել: Այվազյանը բացատրում է՝ հանցագործն իր արարքը չի կատարում տեսախցիկների առաջ, որպեսզի հետո դրա մասին իմանան բոլորը:

Հիշեցնենք, ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին, երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Աննա Արևշատյանին մեղադրանք է ներկայացվել: Նա երկու ամսով կալանավորվել է և տեղափոխվել Աբովյան ՔԿՀ։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ կինը հարցաքննության ընթացքում ասել է, որ արարքը կատարել է գումարի դիմաց, այսինքն՝ նկարահանել է ինչ-որ մեկի համար, որը պատրաստ է եղել վճարել տեսանյութի համար:

Նշենք, որ տեսանյութի տարածումից հետո, Ֆեյսբուք սոցիալական ցանցում կրկին ակտիվացան Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտության մասին խոսակցությունները: Եղան պնդումներ, որ կանանց և ընտանեկան բռնության կանխարգելումն ու պայքարը կարելի է ամբողջությամբ իրականացնել Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց հետո միայն:

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի խոսքով, սակայն, այն արարքը, որը կար տեսանյութում, արդեն իսկ պատժելի է Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքով: Այվազյանի դիտարկմամբ՝ եվրոպական այն երկրներում, որտեղ կոնվենցիան վավերացվել է՝ (Նիդեռլանդներ, Նորվեգիա, Ռումինիա և այլն), ընտանեկան բռնությունների թիվը միայն ավելացել է:

«Կոնվենցիան, որը մեզ փորձում են պարտադրել, Եվրոպայի ձախողված փորձն է»,- ընդգծում է Այվազյանը: Նրա խոսքով՝ կոնվենցիան նպատակ ունի թույլ տալ պետությանն ավելի շատ խառնվել յուրաքանչյուր մարդու ընտանիքի ներքին գործերին:

«Կոնվենցիան ենթադրում է, որ պետությունը կարող է խառնվել նաև սովորական ընտանեկան վեճերին եւս: Տնտեսական, հոգեբանական բռնություն կիրառելու դեպքում, արդեն իսկ, պետական մարմինները կամ իրենց կողմից արտոնված մասնավոր ընկերությունները կարող են գալ և խառնվել ընտանիքի ներքին գործերին»,- ասում է Այվազյանը:

Ըստ նրա՝ այդպիսի մասնավոր կազմակերպությունների համար Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը լավ առիթ է լինելու նաև պետբյուջեյից հավելյալ եկամուտներ ստանալու համար:

Հայկ Այվազյանի մեկնաբանմամբ, հայաստանյան ընտանիքներում ընտանեկան բռնության դեպքերը՝ հատկապես սեռական կտտանքների, քիչ են: Նրա համոզմամբ՝ Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումից հետո մեր երկրում պատժիչ իրավական մեխանիզմները դիտավորյալ ավելացվելու են, որպեսի կարողանան չնչին դեպքերին մեծ հնչեղություն ու արձագանք տալ:

«Նրանք գալու են մտնեն այդ տուն ոչ թե ընտանքը փրկելու, այլ այն կազմաքանդելու համար», -ասում է Հայկ Այվազյանը և հիշեցնում՝ Ստամբուլյան կոնվենցիան նույն իրավունքներն է տալու նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին: