Մաքսիմ Մանուկյան․ Այս հաղթանակը նոր սկիզբ է, որպեսզի նորից մասնակցեմ ԱԱ-ին և ԵԱ-ին

31 Մայիսի 2023, 23:30

Սպորտ

Ես ըմբշամարտից  չէի հեռացել, պարզապես մրցաշարերում դադար էի վերցրել։ Այս հաղթանակը կլինի նոր սկիզբ։ Գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Երեւանում անցկացված Բենուր Փաշայանի հուշամրցաշարի ոսկե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը, փոխանցում է News.am Sport-ը:

35-ամյա ըմբիշը մրցագորգից բացակայում էր 2021 թվականից։

Նա ԱՄՆ-ում հանդես էր գալիս խառը մենամարտերում եւ տարել է երեք հաղթանակ։

Մաքսիմ Մանուկյանը Երեւանում անցկացված Բենուր Փաշայանի հուշամրցաշարում 4 տպավորիչ հաղթանակ տարավ, նվաճեց հաղթողի կոչումը եւ վերահաստատեց իր տեղն ազգային հավաքականում։

«Այս մրցաշարն ինձ համար շատ կարեւոր էր հատկապես, որ նվիրված էր Բենուր Փաշայանին։ Նրա մրցումներին մասնակցել էի 12-13 տարեկանում եւ էլի հաղթանակներ եմ տոնել։

Այս օրերին հիշողություններս նորից արթնացել էին եւ ցանկությունս մեծ էր կրկնել մանկությանս հաջողությունը։ Հավատում էի, որ կարող եմ հաղթել։ Այս հաղթանակը նոր սկիզբ է, որպեսզի նորից մասնակցեմ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։

Ես ըմբշամարտից չէի հեռացել, ուղղակի որոշ ժամանակ մրցումների չէի մասնակցում։

Հետագայում ինչ մրցաշարեր լինի, պետք է մասնակցեմ, որքան հնարավոր է իմ տվյալները, հնարավորությունները ցույց տամ։

Մինչեւ վերջ գնալու եմ, ավելացնելու եմ աշխարհի եւ Եվրոպայի մեդաներս, ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ իմ ուզած նպատակին։ Գլխավոր նպատակս ըմբշամարտում Օլիմպիական խաղերի չեմպիոն դառնալն է»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը։