«Մարալն ու հայրիկը Արցախում» հեքիաթը մեր կյանքի պատմությունն է․ Մարինե Չարշաֆճյան
06 Նոյեմբերի 2025, 23:00
«Մարալն ու հայրիկը Արցախում» հեքիաթն իրական պատմություն է մեր կյանքից։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է գրքի հեղինակ Մարինե Չարշաֆճյանը։
«2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մենք այնտեղ էինք բնակվում՝ ավելի կոնկրետ Մարտունիում։ Առաջին անգամ հենց ոտք դրեցինք Մարտունի, միանգամից սիրեցինք թե՛ քաղաքի բնակիչներին, թե՛ քաղաքը։ Եվ այն ամենն, ինչ ապրել ենք Արցախում, փորձել եմ ամփոփել հեքիաթի ձևով։ Մարտունիում կար հիմնադրամ, որը տարբեր ծրագրեր էր իրականացնում, և այդ ծրագրերից մեկն էլ Կաղանդ պապի լինելու ծրագիրն էր։ Որոշեցինք, որ պետք է Կաղանդ պապի հագուստներ հագնենք ու գնանք տարբեր նվերներ բաժանենք Մարտունու 31 գյուղերի երեխաներին։ Հեքիաթի հիմքում այդ պատմությունն է՝ մեր կյանքի պատմությունը»,- նշել է նա։
Հեղինակի խոսքով՝ գիրք գրելու մտահղացումն առաջացել է դեռ երկու տարի առաջ, բայց այն սկսելու համար ավելի շատ ոգեշնչել է աղջիկը՝ 4-ամյա Մարալը։
«Վերջին շրջանում շատ էի մտածում, թե Մարալիկին ինչպես պետք է պատմեմ Արցախի մասին, քանի որ նա փոքր է ու շատ հիշողություն չունի այնտեղի հետ կապված։ Ու մտածեցի, որ հեքիաթը լավագույն ձևն է պատմելու երեխաներին իրենց ապրած կյանքի կարևոր օրերի մասին կամ կարևոր գաղափարներ փոխանցելու համար»,- եզրափակել է Չարշաֆճյանը։