Մարդիկ ասում են, որ իրենք հեղափոխություն չեն արել, որպեսզի չնույնականացվեն զոհերի հետ. քաղտեխնոլոգ

09 Հունիսի 2023, 23:57

Առաջին հերթին | Կարծիք

«Gallup International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության մայիսին արված հարցման համաձայն՝ քաղաքացիների 63,4% բացասական է գնահատել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունը։

Հարցվածների մեծամասնությունը՝ 82,5%-ը դեմ է արտահայտվել Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի ճնշումներին տուրք տալուն՝ Երեւանում տեղադրված «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող արձանի վերաբերյալ հայտարարություններին։
Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, հասկանալու, թե ինչու են քաղաքացիները հարցման ժամանակ անհամաձայնություն հայտնել իշխանությունների գործելաոճի շուրջ, մինչդեռ գործողությունների դիմելու կամ էլ պայքարելու հարցում նրանք պասիվ են։

«Գործողություններ չկան, որովհետեւ հասարակությունը հասկանում է, որ ուժ չունի։ Սա նոր երեւույթ չէ, բազմիցս դեպքեր են եղել, երբ հասարակությունը ճիշտ է պատասխանել սոցիոլոգիական հարցումներին, բայց գործողություններ չի արել, որովհետեւ մի բան է հասկանալ, որ սխալ է այս կամ այն երեւույթը, մեկ այլ բան, երբ հասկանում են, որ չեն կարող ազդել դրա դեմ»,- ասաց Արմեն Բադալյանը։

Անդրադառնալով 2018 թ. հեղափոխության մասնակցության վերաբերյալ հարցման արդյունքներին, որում հարցվածների միայն 37,4%-ն է խոստովանել, որ մասնակցել է հեղափոխությանը, մինչդեռ 2018 թ. սեպտեմբերին հարցվածների 91%-ն ասել էր, որ մասնակցել են հեղափոխությանը, քաղտեխնոլոգն ասաց, որ դա մի քանի հանգամանքով է պայմանավորվախ։

«Թվերի մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ 2018-ին եւ 2023-ին Հայաստանում իրավիճակները տարբեր են։ 2018-ին, որ ասեին գալիս են իշխանության Արցախը Ադրբեջանի կազմում հայտնվելու համար, ոչ ոք դուրս չէր գա փողոց։ Մարդիկ նախկին իշխանություններից ազատվելու նպատակով ոգեւորությամբ մասնակցում էին այդ իրադարձություններին։

Մեկ այլ հանգամանք. 2018-ի սեպտեմբերին հեղափոխական էյֆորիա կար, ինչն ազդում էր սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա։ Բացի այդ՝ մարդիկ միշտ ուզում են լինել հաղթողի կողքին, պարտվողի կողքին ոչ ոք չի ուզում լինել։

Հեղափոխությունից 5 տարի է անցել, բայց մարդիկ չեն ստացել այն արդյունքները՝ ինչ ուզում էին, փոխարենը կորցրել են Արցախը, դրա համար էլ մարդիկ չեն ցանկանում նույնականացվել հեղափոխության հետ։ Մարդիկ ասում են, որ իրենք հեղափոխություն չեն արել, որ չնույնականացվեն զոհերի հետ, այսինքն՝ իրենց ենթագիտության մեջ իրենք զոհերին կապել են այդ հեղափոխության հետ»,-նշեց Արմեն Բադալյանը։