Մարդիկ չեն հավատում, որ աղետն անձրևներից է եղել, պետք է հետաքննություն սկսել․ Հրաչյա Պապինյան
29 Մայիսի 2024, 22:43
Alpha News-ի ուղիղ եթերում «Անկյուն +3» հեռուստաընկերության տնօրեն Հրաչյա Պապինյանը անդրադարձել է Լոռու մարզպետի աշխատակազմի՝ ֆեյսբուքյան այն գրառմանը, որտեղ Լոռու մարզպետարանը դեռևս 2024 թվականի ապրիլին է զգուշացրել Ձորագետ և Դեբետ գետերի հնարավոր վարարումների մասին՝ դա պայմանավորելով «ՁորաՀԷԿ»-ի ջրամբարից ջրի բացթողումներով։
Գրառման մեջ, մասնավորապես, նշվում է․
«Տեղեկացնում ենք, որ «ՁորաՀԷԿ-ի» շահագործման ընթացքում էներգահամակարգի աշխատանքի խափանումներով պայմանավորված, առաջիկայում հնարավոր է կայանի կանգ, որն էլ իր հերթին մինչև օգոստոս ամիս կարող է հանգեցնել ջրի բացթողումների կայանի ջրամբարից:
Վերջինս կարող է Ձորագետ և Դեբետ գետերի վարարումների պատճառ դառնալ: Վտանգներից խուսափելու համար հորդորում ենք ափամերձ տարածքներում ցուցաբերել առավել զգոնություն»։
Հրաչյա Պապինյանը կարծում է, որ սենսացիա պետք չէ փնտրել գրառման մեջ, բայց, այնուամենայնիվ, պետք է հետաքննություն սկսել՝ հասկանալու համար աղետի առաջացման պատճառները։
«Այդ հայտարարության մեջ սենսացիոն ոչինչ չկա։ Վերջին 10-15 տարում գարնանային և աշնանային անձրևների վարարումների շրջանում ԱԻՆ-ը միշտ զգուշացումներ էր տալիս Դեբեդի ավազանում բնակվողներին՝ անվտանգության համար։ Մի ուրիշ բան է արտասովոր, որ պատճառաբանում են, թե Ձորագետում կարող են խափանումներ լինել։ Դա ասում են, հավանաբար նկատի ունենալով Ձորագետի ամբարտակը։ Ամեն տարի գարնանը նման հայտարարություն, նախազգուշացում պետք է լինի, որ բնակիչները տեղյալ լինեն՝ վարարումներ կարող են լինել»,- ասել է Պապինյանը։
Մեր զրուցակիցը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է գետը վարարել ընդամենը մի քանի րոպեի ընթացքում․
«Ակնհայտ է, որ աննախադեպ էր այդ վարարումը, ինչը կասկածների տեղիք է տալիս։ Մարդիկ չեն հավատում, որ դա անձրևներից է եղել, հավանաբար, պետք է հատուկ հետաքննություն իրականացնել լրագրողների կամ պատկան մարմինների կողմից։ Ականատեսները պատմում են, որ գետը 10-15 րոպեի ընթացքում է այդքան բարձրացել։
Այսօր էլ ես զրույց ունեցա մեր հեռուստաընկերության օպերատորի հետ, որ այդ օրը «Վերջին զանգի» միջոցառում է նկարելիս եղել Հաղպատ-Ալավերդի հատվածում, կանգնել են գետակի մոտ, բայց պարեկները թույլ չեն տվել առաջ գնալ։ Երկար կանգնած են մնացել այնտեղ, մեկ էլ հանկարծ ջուրը սկսել է շատ արագ բարձրանալ, որ արագ հեռացել են, որ ջրում չհայտնվեն։ Այդ հանկարծակիությունը կասկածներ է առաջացնում»,- եզրափակել է Հրաչյա Պապինյանը։