Մարդիկ կուշտ են եվրոպական հռետորաբանությունից. Դմիտրի Կիսեև՝ Ռումինիայի ընտրությունների մասին

26 Նոյեմբերի 2024, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Մոլդովայից փաստաբան Դմիտրի Կիսեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռումինիայի և Մոլդովայի նախագահական ընտրություններին։

Փորձագետի կարծիքով՝ մարդիկ դժգոհ են եվրոպական քաղաքականությունից և Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից։

«Խոսելով Ռումինիայի մասին՝ մենք պետք է հասկանանք, որ մարդիկ հիմնականում քվեարկել են ի նշան բողոքի, քանի որ նրանք որոշակի դժգոհություն ունեն եվրոպական քաղաքականությունից և Ուկրաինային տրամադրվող աջակցությունից։ Դրա համար մարդիկ քվեարկել են պոպուլիստի՝ բավական ազգայնական բնույթի մի մարդու օգտին, ով ասում է, որ իր համար ամեն ինչից վեր է Ռումինիան, այլ ոչ թե Եվրոպան կամ Ուկրաինան, և բոլոր այդ եվրոպական էլիտաները թող իրենք լուծեն իրենց հարցերը, հատկապես Ուկրաինայի հետ կապված։ Ռումինիայում՝ բնակչության շրջանում մեծ դժգոհություն կա, որ երկիրն իր փողերով ֆինանսավորում է Ուկրաինային: Եվ նա (Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթած Քելին Ջորջեսկուն), դա զգալով, ակտիվորեն խաղում էր ամբողջ նախընտրական արշավի ընթացքում: Ահա թե ինչու մարդիկ այդպես ակտիվ արձագանքեցին նրան», — ասել է Կիսեևը:

Նրա խոսքով՝ Քելին Ջորջեսկուն չունի նախընտրական շտաբ, լրատվամիջոցներ, ընդհանրապես, նա շատ հազվադեպ է հայտնվել հեռուստաալիքներով, հիմնականում աշխատել է «TikTok» հարթակի միջոցով։

«Նա կարողացել է ժողովրդին հասնել շատ պարզ հաղորդագրությունների միջոցով։ Խոսել է այն մասին, թե ինչն է հուզում մարդկանց: Բայց երբ լսում ես եվրոպական էլիտաներին, եվրոպական կուսակցությունների ներկայացուցիչներին, հասարակ մարդու համար շատ դժվար է հասկանալ, թե ինչի մասին են նրանք խոսում և ինչ խնդիրներ են լուծելու։ Այսինքն՝ մարդիկ հոգնել են եվրոպական հռետորաբանությունից, այդ իսկ պատճառով էլ ժողովուրդն այլևս չի արձագանքում այդ կոչերին», — նշել է Կիսեևը։

Ինչ վերաբերում է Մոլոդովայի ընտրություններին, ապա, ըստ նրա, երկրում ընտրություններն անցել են Սփյուռքի օգնությամբ։

«Արդյունքը մեծամասամբ ապահովել է Սփյուռքը, իսկ երկրի ներսում եվրոպամետ ուժերը պարտվել են։ Եվ քաղաքական գործիչ Մայա Սանդուն նույնպես պարտվել է երկրի ներսում: Այսինքն ՝ երկրի ներսում ձևավորվել է բնակչության շատ լուրջ շերտ, որը դժգոհ է տեղի ունեցածից։ Եվ դա հանգեցրեց կոնկրետ արդյունքի: Թե հետագայում ինչպես ընտրությունները կանդրադառնան խորհրդարանական ընտրությունների վրա, այ դա լավ հարց է։ Երկրի ներսում անհամաձայնության քվեարկությունը շատ լուրջ է։ Եվ դրա հետ, իհարկե, իշխանությունները պետք է հաշվի նստեն», — եզրափակել է Կիսեևը։