Մարդիկ Մարտին. սցենարիստ, ով փոխեց ամերիկյան կինոյի դեմքը
16 Սեպտեմբերի 2025, 22:20
Մարդիկ Մարտինի անունը թեև հաճախ չի հնչում հասարակության մեջ, բայց առանց նրա անհնար է պատկերացնել ամերիկյան կինոյի ոսկե դարաշրջանը: Նրա սցենարները հիմք են հանդիսացել այն ֆիլմերի համար, որոնք փոխել են այն գաղափարը, թե ինչպիսին կարող է լինել կինոն՝ ազնիվ, խոցելի, հանդուգն: Նա պարզապես համահեղինակ չէր, նա այն ձայնն էր, որն օգնել է Մարտին Սկորսեզեին ձևակերպել իր վաղ գաղափարները՝ դրանք վերածելով կենդանի, ցնցող պատմությունների:
Մարտինը ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 16-ին Իրանի Աբադան քաղաքում։ Նա սերում էր ցեղասպանությունը վերապրած հայերի ընտանիքից։ Նրա մանկությունն անցել է Իրաքում։ Հրաժարվելով ծառայել բանակում՝ նա փախել է ԱՄՆ՝ առանց փողի, առանց կապերի, բայց ազատության և ինքնարտահայտման ծարավով։
1968 թվականին ստացել է սցենարիստի մագիստրոսի կոչում, այնուհետև սկսել է դասավանդել Նյու Յորքի համալսարանում (NYU)։ 1968-1973 թվականներին Մարտինն ուսանողներին սովորեցնում էր սցենար գրելու արվեստը՝ նրանց փոխանցելով կինոյի վերաբերյալ իր ուրույն տեսակետը: Հետագայում նա շարունակել է դասավանդել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC) Կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցում։
Հենց Նյու Յորքի համալսարանում նա հանդիպել է Մարտին Սկորսեզեին, այն ժամանակ դեռ հավակնություններով և գաղափարներով լի ուսանող: Նրանց ընկերությունը դարձել է ստեղծագործական միություն. նրանք սցենարներ էին գրում մեքենայում, ցրտին, ձյան մեջ: Նրանք միասին ստեղծել են «Չար փողոցներ» (Mean Streets) ֆիլմ, որը դարձել է ամերիկյան կինոյի նոր ալիքի մանիֆեստը։
2014թ- ին դարձել է ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» (The Cut) ֆիլմի սցենարի համահեղինակը: Դա ոչ միայն ֆիլմ էր, այլ վերադարձ արմատներին, պատմությունը արվեստի միջոցով իմաստավորելու փորձ։ Նրա մասնակցությունը դարձել է երկխոսության, հիշողության և հաղթահարման խորհրդանիշ: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին։
Մարդիկ Մարտինը կյանքից հեռացել է 2019 թվականի սեպտեմբերի 11-ին՝ իր 85-ամյակից հինգ օր առաջ։ Նրա մահը գրեթե աննկատ մնաց լայն հասարակության կողմից, բայց նրանց սրտերում, ովքեր ճանաչում էին նրան, այն դատարկություն թողեց:
Մարդիկ Մարտինը հիշեցում է, որ մեծ պատմությունները հաճախ ծնվում են ստվերում: Նրա սցենարները պարզապես տեքստեր չեն, դրանք մարդկային հոգու տարեգրություն են: