Մարդկանց ցեղասպանելով Արցախի հարցը չի փակվում և այդպես խաղաղության չեն հասնում. Իշխան Սաղաթելյան

27 Օգոստոսի 2025, 20:40

Քաղաքականություն

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի օրը, Ազատության հրապարակում կազմակերպում է միասնության մեծ հավաք, որը կրելու է «Վերադարձ» խորագիրը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Alpha News-ի հետ զրույցում ներկայացրեց հավաքի օրակարգի ուղերձները:

«Առաջինը, որ արցախյան հակամարտությունը լուծված չէ, որքան էլ փորձեն մեզ դա պարտադրել կամ մատուցել: Մենք ունենք արցախահայերի տուն վերադարձի խնդիր, որը չի կարող չարծածվել, չի կարող այդ թեման փակվել: Երկրորդը՝ մենք պահանջելու ենք Բաքվում պահվող հայ գերիների վերադարձը: Հիմնական շեշտադրումները լինելու են այս ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի անվտանգության հետ կապված ելույթներ կլինեն, հայտնելու ենք մեր դիրքորոշումը: Առհասարակ, սա ուղերձ է լինելու ամբողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանի խամաճիկ կառավարությանը, որ չեն կարող դավաճանությամբ, ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրել հայ ժողովրդի իրավունքները ոտնահարող փաստաթղթեր և դա ներկայացնել իբրև խաղաղության ու հաշտության պայմանագիր: Մարդկանց ցեղասպանության, էթնիկ զտման ենթարկելով Արցախի հարցը չի փակվում և այդպես խաղաղության չեն հասնում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Դաշնակցական պատգամավորն ասաց, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, նա կփորձի փակել նաև Հայաստանի էջը:

«Արցախի էջը փակելու ցանկությունը Էրդողան-Ալիև-Փաշինյան համատեղ նախաձեռնություն է, որը փորձում են պարտադրել մեր ժողովրդին, որը մենք չպետք է թույլ տանք: Մեր ժողովրդին փորձում են վախեցնել պատերազմով, այսինքն, որ եթե թույլ չտանք, պատերազմ կլինի, մինչդեռ թույլ տալու արդյունքում է նոր պատերազմ լինելու: Այն պարտավորությունները, որոնք ինքը փաթաթում է Հայաստանի Հանրապետության վզին, դա ինչ-որ պահի բերելու է լայնածավալ նոր պատերազմի կամ առնվազն խոշոր նոր զիջումների: Էսօր Ալիևն ասաց, որ էն փաստաղթերը, որոնք ստորագրում է Նիկոլ Փաշինյանը, ստորագրում է Հայաստանի Հանրապետության անունից: Սա շատ ուղիղ մեսիջ է, որ կապ չունի, թե ով է ստորագրել, եթե սա գնա, ով էլ գա, պետք է այդ ստորագրության համար պատասխան տա: Նպատակն այն է, որ մարդկանց վախեցնեն ու մեզ հասցնեն էն կետին, որ այլևս էս ամեն ինչը դառնա անդառնալի»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

Հիմա եթերում