Մարդուն մեղավոր ընթացքից զերծ պահելու համար կարևոր է կրթել ազգային ավանդներով․ Գարեգին Բ
19 Հուլիսի 2023, 19:02
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 20 ունկնդիրների՝ ուղեկցությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանի։
Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ հանդիպմանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը Նորին Սրբությանը տեղեկություններ է փոխանցել դպրոցի գործունեության վերաբերյալ՝ կարևորելով նաև սաների հաղորդակցությունը հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայոց Եկեղեցու առաքելությանն ու գործունեությանը։
Ամենայն Հայոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով երիտասարդներին, ընդգծել է, որ մարդուն մեղավոր ու սխալ ընթացքներից զերծ պահելու համար կարևոր է նրան կրթել ու դաստիարակել ազգային ավանդներով, հոգևոր, բարոյական արժեքներով, ինչպես ընտանիքներում, այնպես և դպրոցում ու ուսումնական-կրթական հաստատություններում։ Այս առնչությամբ Նորին Սրբությունը հորդորել է դպրոցի սաներին առաջնորդվել սիրո, բարու, արդարության սկզբունքներով` օրինակ դառնալով երիտասարդների համար, լինել հայրենասեր և հետևողական ջանքեր գործադրել ի նպաստ հայրենիքի զորացման ու շենացման։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ու Հայաստանի անվտանգային խնդիրներին, հայ ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներին։