Մարիամ Մերաբովան ելույթ կունենա ВДНХ-ի Կանաչ թատրոնում

01 Օգոստոսի 2023, 19:35

Հայեր | Մշակույթ

Հայ և ռուս երգչուհի, երգահան, կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան օգոստոսի 4-ին ելույթ կունենա Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում: Համերգը տեղի կունենա Օլեգ Լունդստրեմի ջազ երաժշտության պետական կամերային նվագախմբի ուղեկցությամբ՝ Բորիս Ֆրումկինի ղեկավարությամբ:

Առաջիկա ամառային ելույթին Մերաբովան կներկայացնի Summer Time ծրագիրը: Համերգը տեղի կունենա երկու ծրագրով: Առաջին ծրագրում երգչուհին կկատարի Գերշվինի՝ Strike Up The Band-ը, Ջերալդ Մարքսի և Սեյմուր Սիմոնսի՝ All of me-ն, Միշել Լեգրանի՝ Watch What Happens-ը, Դյուկ Էլինգթոնի՝ Do Nothing Till You Hear from Me-ն, Բոբի Հեբբայի՝ Sunny-ն:Արդեն երկրորդ ծրագրում հանդիսատեսը կլսի Դյուկ Էլինգթոնի՝ Don’t Get Around Much Anymore-ը, Ջիմի Դևիսի, Ռոջեր Ռամիրեսի և Ջեյմս Շերմանի կողմից գրված Lover man-ը և այլ ստեղծագործություններ:

Summer Time ծրագրում կներառվեն նաև Մերաբովայի հեղինակային ստեղծագործությունները։ Դրանց թվում են «Ֆրումկին բլյուզը», որի երաժշտությունը գրել է Բորիս Ֆրումկինը, ինչպես նաեւ «Մեկ տարի, երկու և ևս մեկը» և «Երաժշտության ափը» գործերը, որոնք ստեղծվել են երգչուհու հանգուցյալ ամուսնու՝ Արմեն Մերաբովի կողմից: