Մարինա Ոսկանյանց. Մուլտիպլիկացիայի թագուհին

02 Հունվարի 2025, 21:58

Հայեր

Հունվարի 2-ը հայազգի լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցի ծննդյան օրն է:

Մարինա Ոսկանյանցը ծնվել է 1934 թվականին: 1955-ին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի դպրոցը, 1956-1958 թվականներին մասնակցել է «Սոյուզմուլտֆիլմ»-ին կից նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներին։

Ավելի քան 30 տարի Ոսկանյանցը եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի առաջատար նկարիչ-մուլտիպլիկատորներից մեկը։ Կինոստուդիայում աշխատելու երեսուներկու տարիների ընթացքում նրան հրավիրել են աշխատելու իրենց ֆիլմերում խորհրդային մուլտիպլիկացիայի «Ոսկեդարի» գրեթե բոլոր դասականները։

Պարային տեսարանների գեղարվեստական պատկերման մեջ հասնելով բարձր վարպետության՝ ստեղծել է դրանք բազմաթիվ մուլտֆիլմերի համար։ Նրա «այցեքարտը» Բորիս Ստեպանցևի «Մարդուկ-ջարդուկ» կտավում տոնածառի շուրջ ցախավելով Մաշայի հանճարեղ պարն է։

Նրա աշխատանքները ներառում են այնպիսի հայտնի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Տզզան ճանճը», «Մատնաչափիկ», «Երեք հաստլիկները», «Հեթիաթ Սալթան թագավորի մասին», «Բրեմենյան երաժիշտներ»-ը և այլն:

Մարինա Ոսկանյանցը դասավանդել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում։ Սուզդալում Ռուսական անիմացիոն կինոյի 15-րդ բաց փառատոնում պարգևատրվել է «Անիմացիոն արվեստում ունեցած ավանդի համար» պատվավոր մրցանակով:

2013 թվականին Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով, կերպարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Մարինե Ոսկանյանցին շնորհվել է «ՌԴ վաստակավոր նկարիչ» պատվավոր կոչում:

Մուլտիպլիկատորը կյանքից հեռացել է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին։