Մարտակերտի շրջանում հացահատիկային բերքահավաքի են պատրաստվում
06 Հուլիսի 2023, 00:20
Մարտակերտի շրջանի Չլդրան համայնքում մի քանի օրից կհնձեն հացահատիկային մշակաբույսերից ցորենը, գարին, հաճարը: Համայնքապետ Աշոտ Ղուլյանը «Արցախթերթին» ասել է, որ վերջին երկու ամիսներին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել բոլոր տեսակի մշակաբույսերի ցանքսերին:
«Մարտակերտի շրջվարչակազմին ներկայացրել ենք հայտ, ըստ որի՝ յուրաքանչյուր հողօգտագործողի համապատասխան հեկտարի չափով հնձի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի վառելիք ձեռք բերելու հնարավորություն կընձեռվի»,- հայտնել է համայնքապետը:
Նրա խոսքով՝ գյուղի բնակիչները շրջափակման ընթացքում սկսել են առավել ակտիվ զբաղվել հողագործությամբ։ Չդրանցիները գիտակցում են, որ պետք է ինչ-որ չափով ապահովեն իրենց ընտանիքների պահանջարկը և ցանել են պտուղ-բանջարեղեն:
Ըստ համայնքապետի՝ գյուղի տարածքի բարձրադիր լինելու, ինչպես նաև տեղումների պատճառով, այս տարի որոշ մրգատեսակներ չեն ունենա, իսկ բանջարաբոստանային մշակաբույսերի՝ մասնավորապես կարտոֆիլի, լոբու, վարունգի և լոլիկի բերքահավաքը կուշանա, որը նախատեսվում է օգոստոս ամսին։
Համայնքապետ Ղուլյանը նշել է, որ Չլդրանում գրեթե բոլորը զբաղվում են անասնապահույամբ:
Ձմռանը, նրա խոսքով, որոշ չափով անասնակերի պակաս կլինի, քանի որ տեղումները բացասաբար են անդրադարձել նաև խոտատարածքների վրա: