Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Ռոստովի Չալթր հայկական գյուղում

08 Մարտի 2025, 13:12

Մշակույթ

Ռոստովի մարզի Չալթր գյուղի պատկերասրահում բացվել է ցուցահանդես՝ նվիրված հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակին։ Այն կազմակերպել են «ԱՆԻ» մշակութային և կրթական ընկերությունը, Սուրբ Համբարձում եկեղեցին ևՄյասնիկյանի շրջանի պատմաազգագրական թանգարանը՝ Սարյանի տուն-թանգարանի աջակցությամբ։

Ցուցահանդեսին ներկայացված են վարպետի հայտնի աշխատանքների ավելի քան 20 վերարտադրություն, ինչպես նաև տեղի նկարիչների նկարներ և Սարյանին նվիրված մարզային մրցույթին մասնակցած երեխաների նկարները:

Բացմանը ներկա են եղել տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, Ռոստովի մարզի մշակույթի և արվեստի գործիչներ, արվեստագետներ, այլ հյուրեր։ Ցուցահանդեսի բացման կապակցությամբ ելույթ են ունեցել նկարչի թոռնուհիները՝ Ռուզաննա և Սոֆյա Սարյանները, որոնք շնորհակալություն են հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին։

Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև ապրիլի 11-ը, կոչվում է «Երեք դար», քանի որ այն ներառում է արվեստագետների երեք սերունդ՝ ապացուցելով, որ Սարյանի գործն ապրում է և ապրելու է միշտ: