Մարտունու շրջանի Սպիտակաշենում գարու բերքահավաքն ավարտել են, արդյունքից գոհ են
05 Հուլիսի 2023, 18:02
Հուլիսի 4-ը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սպիտակաշեն համայնքի հիմնադրման օրն է։ Ավելի քան 350 տարվա պատմություն ունեցող գյուղը շարունակում է կանգուն մնալ հերոս զավակների սխրանքների շնորհիվ։
Օրվա խորհրդով համայնքում տոնական միջոցառում չեն կազմակերպել՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակն ու հարգելով վերջերս ադրբեջանական սադրանքի հետևանքով անմահացած տղաների հիշատակը։
«Համայնքի բնակիչները գարնանացան մշակաբույսերից կատարել են եգիպտացորենի, գարու ցանքս։ Ավարտման փուլում է գարու բերքահավաքը, որից հետո կսկսենք ցորենի հունձը։ Գարու բերքատվության ցուցանիշները այդքան էլ գոհացուցիչ չեն։ Գյուղացիները մշակել են նաեւ իրենց հողամասերը, տարբեր մշակաբույսեր ցանել։ Գյուղի ողջ պատմության ընթացքում աննախադեպ են կարտոֆիլի ցանքսի ծավալները: Բերքատվության արդյունքները գոհացուցիչ են։ Ունենք նաև մեղվաբուծությամբ զբաղվողներ: Պետական ծրագրով նրանց շաքարավազ է տրամադրվել», — «Artsakhpress»-ի հետ զրույցում ասել է Սպիտակաշենի համայնքապետ Արմեն Խաչատրյանը։
Նա նշել է, որ լիակատար շրջափակման հետևանքով համայնքի բնակիչներից ոմանք կորցրել են իրենց հիմնական աշխատանքը, սակայն համայնքապետարանի աջակցությամբ նրանց զբաղվածության հարցը լուծվել է։
Ուշադրության կենտրոնում են նաեւ հատուկ խնամք պահանջող և դեղորայք ընդունող գյուղացիները:
Համայնքում նոր ջրագիծ է կառուցվել: Շրջվարչակազմի աջակցությամբ գյուղի երեք աղբյուրները վերանորոգվել և ծառայում են իրենց նպատակին:
Խաչատրյանն ուրախությամբ փաստել է, որ հետպատերազմական շրջանում համայնքի բնակչության թիվը համալրվում է նոր ծնունդներով: