Մասաչուսեթսի նահանգապետը Ջո Բայդենին կոչ է արել մարդասիրական աջակցություն ցուցաբերել ԼՂ-ին
20 Հուլիսի 2023, 18:00
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Մորա Հիլին Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված նամակ է ուղղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:
Aysor.am-ի փոխանցմամբ՝ նա մտահոգություն է հայտնել ԼՂ-ում ապրող 120 000 հայերի համար ահագնացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, հիշեցրել սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների մատակարարումների դադարեցման և մարդկանց ազատ տեղաշարժի՝ ամիսներ շարունակ խափանման մասին։ Հիլին ընդգծել է հայերի համար երկրորդ ցեղասպանության վտանգի մասին ահազանգերը։
Նահանգապետը հիշեցրել է նաև Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների և միջանցքը բացելու՝ Արդարադատության միջազգային դատարանի պահանջների մասին։
Հիլին նախագահ Բայդենին կոչ է արել գտնել հնարավոր բոլոր ուղիները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել առաջ տանել շրջափակումը վերացնելու դիվանագիտական ջանքերը: Նա ԱՄՆ վարչակազմին հորդորել է օգտագործել բոլոր հնարավոր գործիքները՝ ապահովելու ԼՂ անվտանգությունը և աջակցելու Հայաստանի խաղաղությանը։
Հիշեցնենք, որ Մասաչուսեթսի համայնքը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: