Մաշա Մնջոյանը՝ Գրան Պրի մրցանակակիր. Հայաստանն առաջին անգամ հաղթող է ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում

17 Հուլիսի 2023, 10:51

Հայեր

Հուլիսի 14-16-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացել է «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթը, որտեղ այս տարի մասնակցում էր 15 երկիր։ Հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը:

Առաջին մրցութային օրը Մաշան կատարել է «Խոստացիր ինձ սեր» երգը՝ արժանանալով ժյուրիի 66 միավորին: Երկրորդ մրցութային օրը, որպես միջազգային հիթ, կատարել է Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը՝ արժանանալով 69 միավորի: Արդյունքում, Մաշան մրցութային օրերին վաստակել է 135 միավոր՝ դառնալով հեղինակավոր մրցույթի բացարձակ հաղթողը: Երգչուհին արժանացել է Գրան Պրի մրցանակի:

Հայաստանն առաջին անգամ հաղթող է ճանաչվել «Սլավյանսկի բազար» երիտասարդ կատարողների մրցույթում։

«Սլավյանսկի բազար 2023» մրցույթում 1-ին մրցանակի է արժանացել Բելառուսի ներկայացուցիչը, 2-րդ մրցանակը կիսել են Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, իսկ 3-րդ մրցանակը բաժին է հասել Ղազախստանը և Ուզբեկստանը ներկայացնող երգիչներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-14-ը կայացած «Սլավյանսկի Բազար 2023» մանկական կատարողների մրցույթում Հայաստանի պատվիրակ 10-ամյա Անահիտ Գալստյանը, մրցութային երկու օրերին դառնալով ֆավորիտներից մեկը, 133 միավորով զբաղեցրել էր 2-րդ մրցանակային տեղը:

Հիմա եթերում