Մասնակցելով Լոս Անջելեսի քաղաքային ընտրություններին՝ հայ համայնքի ձայնը ավելի լսելի կդառնա․ Ադրին Նազարյան

24 Նոյեմբերի 2023, 00:45

Քաղաքականություն

Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչ դառնալով՝ ես կկարողանամ ավելին անել ոչ միայն տեղի մեր ընտրողների համար, այլև համահայկական խնդիրների լուծման համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու Ադրին Նազարյանը։

«Ամերիկայում մարդիկ ավելի շատ մտածում են իրենց առօրյա խնդիրների մասին, քան ազգային խնդիրների։ Նրանք մտածում են փողոցների, թանկ ապրանքների մասին։ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ լինելով՝ ես կկարողանամ բարձրաձայնել հայկական միջազգային խնդիրների մասին։ Այսինքն որպես Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչ ես կարող եմ ավելին անել ոչ միայն տեղի մեր ընտրողների համար, այլև համահայկական խնդիրների լուծման համար»,- ասաց Նազարյանը։

Թեկնածուն վստահեցնում է՝ հայերի ակտիվ մասնակցությունը ընտրություններին հնարավորություն կտա ավելի լսելի դարձնել հայ համայնքի ձայնը։

«Միայն Լոս Անջելեսում 400․000 հայ կա, և եթե ուզում ենք՝ մեր համայնքը ձայնի իրավունքն ունենա և որոշում կայացնողների սեղանի շուրջ նստի, պետք է 15-ից մեկը հայ լինի։ Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում ունենք հայեր, որոնց օգնություն է պետք։ Օրինակ տները թանկացել են և պետք է շինարարությունը շատացնել, որ արժեքները իջնեն։ Նման խնդիրները հայերի վրա շատ են ազդում, բայց իրենք պետք է կայուն և ուժեղ մնան։ Հայերը ինչքան ակտիվ մասնակցեն ընտրություններին, այդքան իրենց ձայնը լսելի կլինի։ Իրենց լսելի դարձնելով՝ հայերը կստիպեն, որ մյուս թեկնածուները ավելի լուրջ վերաբերվեն հայերին ու իրենց խնդիրներին»,- եզրափակել է Նազարյանը։