Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասն իր հավատարմությունն է հայտնել նորանշանակ առաջնորդին

17 Հունվարի 2026, 20:32

Քաղաքականություն

Մասյացոտնի թեմը հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնել նորանշանակ առաջնորդին։

«Հայտարարություն Մասյացոտնի թեմի հոգևորականաց դասի.

Այսու, Մասյացոտնի թեմի ներքոհիշյալ եկեղեցականներս, հավատարիմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը, որդիական մեր զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Մեզ համար վավերական է 2026 թ. հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունը, որով ճանաչում ենք Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին՝ որպես Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ։

Մենք և մեր հոգևոր խնամքին հանձնված եկեղեցական ծուխերը լիակատար աջակցություն ենք հայտնում մեր նորանշանակ առաջնորդին և պատրաստակամ ենք նրա հոգևոր իշխանության ներքո՝ սիրով, համերաշխությամբ և ծառայական ոգով, շարունակելու մեր սպասավորությունը հավատավոր մեր ժողովրդի և Սուրբ Եկեղեցու կյանքում։

Խնդրում և հորդորում ենք մեր հավատացյալ հայորդիներին՝ չտրվել պառակտիչ սադրանքներին, մոլորեցնող հայտարարություններին, և զգուշանալով Եկեղեցու միությունը խաթարող խոսքերից՝ պահպանել հոգևոր խաղաղությունը, միասնությունն ու հավատարմությունը Մայր Եկեղեցուն։
Ականջալուր լինենք Սուրբ Պողոսի առաքելական զգուշացմանը. «Քրիստոնյա մի եղբայր իր հավատակից եղբորը դատի է քաշում, այն էլ՝ անհավատների առջև։ Բայց ձեզ համար արդեն իսկ հանցանք է միմյանց դեմ դատ ունենալը։ Ավելի լավ կլիներ, որ հանձն առնեիք անիրավվել կամ զրկանք կրել» (Ա Կորնթ. 6։6-7)։

1. Տ. Մխիթար քհն. Ալոյան — Շահումյանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
2. Տ. Ղևոնդ քհն. Ղևոնդյան — Դալարի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
3. Տ. Անդրեաս քհն. Թավադյան — Նորաբացի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
4. Տ. Թաթուլ քհն. Գասպարյան — Մասիսի Սբ․ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
5. Տ. Գրիգոր քհն. Հովհաննիսյան — Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ,
6. Տ. Դերենիկ քհն. Միքայելյան — Արևշատի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
7. Տ. Եփրեմ քհն. Հարությունյան — Մխչյանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ,
8. Տ. Միքայել քհն. Նուրիջանյան — Մրգավանի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
9. Տ. Հովակիմ քհն. Հարությունյան — Վարդաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
10. Տ. Ղազար քհն. Թորոսյան — Մարմարաշենի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
11. Տ. Աբրահամ քհն. Մարտիրոսյան — Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
12. Տ. Արծրուն քհն. Միքայելյան — Արարատ քաղաքի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
13. Տ. Եղիշե քհն. Նուրիջանյան — Վերին Արտաշատի Սբ. Աստվածածին և Դվինի Սուրբ Հարություն եկեղեցիների հոգևոր հովիվ,
14. Տ. Հովսեփ քհն. Սարգսյան — Վեդիի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ,
15. Տ. Եզնիկ քհն. Մարդիրյան — Մասիսի Սբ. Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ,
16. Տ. Բենիամին քհն. Ծատուրյան — Կանաչուտի Սբ. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ,
17. Տ. Արտաշես քհն. Հակոբյան — Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ,
18. Տ. Տիրան քհն. Նահապետյան — Բյուրավանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ,
19. Տ. Հարություն քհն. Հակոբյան — Արարատի Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ,
20. Արսեն սրկ. Զոհրաբյան,
21. Ռոբերտ սրկ. Տերտերյան»,- նշված է հայտարարությունում։